Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
17.03.2017
Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Հայկական ընդհանուր բարեգործական միության ընդունելությունների դահլիճում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի՝ խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, ինչպես նաև հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ:
«Լույսի» կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանդիպման սկզբում համառոտ խոսել է հիմնադրամի վերջին շրջանի ձեռքբերումների, այդ թվում՝ «Ստարտ Արմենիա» մրցույթի նպատակների մասին, որից հետո մրցույթի ժյուրիի անդամները ներկայացրել են հաղթողներին, ովքեր լսարանին պատմել են իրենց ծրագրերի մասին, պատասխանել Հանրապետության Նախագահի և հանդիպման մասնակիցների հարցերին:
Հանրապետության Նախագահը 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողներին հանձնել է մրցանակները, շնորհավորել և մաղթել նորանոր հաջողություններ:
«Ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաստատենք, որ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքներն օգտակար են և պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը: Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ տասը տարի առաջ նախաձեռնած մեր փորձը հաջողությամբ շարունակվում է, և արդեն հարյուրավոր երիտասարդներ կարողացել են մի կողմից ստանալ լավ ուսում, մյուս կողմից՝ դա կապել Հայաստանի հետ, ձեռք բերել ընկերներ, հաստատել նոր կապեր: Իրոք, ուրախ եմ այս հաջողությունների համար, որ ունենք և կարծում եմ, որ «Լույսի» շրջանավարտների ու ընդհանրապես մեր բոլոր երիտասարդների համար եկել է ամենաիսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին, որովհետև ամենից լավ բարեփոխումներ կարող են իրականացնել միայն երիտասարդները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ «Լույս»-ը հավերժ շարունակելու է իր գործունեությունը և մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը: «Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում, բայց հնարավորություն չունեն: Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից»,-ընդգծել է Նախագահը և նշել, որ ուսյալ մարդկանց, երիտասարդների շնորհիվ է գալու մեր երկրի վերածնունդը: