Նախագահ
Նախագահը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի երեվանյան նիստի մասնակիցներին
11.03.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի երևանյան նիստի մի խումբ հեղինակավոր մասնակիցների: Ակումբի արտագնա նիստի թեման է՝ «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության դարաշրջանում»: Միջոցառման շրջանակներում իրենց տեսակետներն են ներկայացրել ակումբի փորձագետները և Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչները, քննարկումներին հրավիրված պետական պաշտոնյաները:
Հանրապետության Նախագահը ողջունել և կարևորել է առաջատար փորձագիտական, մասնագիտական շրջանակների նման հանդիպումներն ու ակումբի արտագնա նիստի անցկացումը Երևանում:
Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում շատ մարտահրավերներ և սպառնալիքներ գլոբալ բնույթ են կրում և չեն ճանաչում սահմաններ, Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ պայմաններում մեծանում է մասնագիտական համայնքի նշանակությունը՝ նկատի առնելով, որ ժամանակակից իրողությունների օբյեկտիվ վերլուծությունը, փորձագիտական ճիշտ աշխատանքը մեծապես նպաստում է քաղաքական գործիչների կողմից արդյունավետ որոշումների ընդունմանը:
Հանրապետության Նախագահը ճիշտ և արդյունավետ է համարել այն որոշումները, որոնք աջակցություն են ստանում հանրության կողմից:
Թեյի սեղանի շուրջ ծավալված զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը և «Վալդայ» ակումբի անդամները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի մի շարք խնդիրների, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկայիս մակարդակի և հարաբերությունների հեռանկարի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: