Նախագահ
ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
08.03.2017
Այսօր Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների հայտարարություն, համագործակցության շրջանակային համաձայնագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տուլուզ Միդի-Պիրենեյ դաշնային համալսարանի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Տուլուզի ազգային պոլիտեխնիկա ինստիտուտի, Տուլուզ 3-Պոլ Սաբատիեի համալսարանի, Տուլուզ 1 Կապիտոլ համալսարանի, Տուլուզի Ժան-Ժորե համալսարանի միջև:
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես շատ շնորհակալ եմ Նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների համար այս կարևոր, հանգրվանային՝ 25-րդ տարում Ֆրանսիա այցելելու հրավերի և այն ջերմ ընդունելության համար, որ մշտապես վայելում եմ հարազատ դարձած այս հողի վրա։ Սա լավագույն պահն է՝ համատեղ ամփոփելու քառորդդարյա մեր ձեռքբերումները և քննարկելու ապագայի անելիքները։
Հետաքրքիր մի փաստ. անցած 25 տարիների ընթացքում միայն նախագահների մակարդակով կայացել է շուրջ 25 այցելություն։ Սա վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտական ուշադրության և համագործակցության կենտրոնում են։
Հենց նոր ավարտեցինք մեր բանակցությունները և քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր:
Ուրախությամբ եմ արձանագրում, որ բոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց. դա վերաբերում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մեր տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին։
Անշուշտ, Հայաստանի և Ֆրանսիայի բազմադարյա բարեկամությունն ու պատմամշակութային կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունն այն ամուր հիմքն է, որի հիման վրա մեր հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում:
Գոհունակությամբ փաստեցինք մեր ձեռքբերումները՝ կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական ու մշակութային ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերում սատարում միմյանց, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:
Մենք այսօր ևս մի քայլ կատարեցինք մեր հարաբերությունների խորացման՝ ստորագրելով փաստաթղթեր զբոսաշրջության, միջբուհական-գիտակրթական համագործակցության ոլորտներում։
Անշուշտ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար։ Եվ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ինչպես պարոն Նախագահն ասաց` ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում: Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում: Նախագահ Օլանդին ես շնորհակալություն հայտնեցի 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար: Մեզ համար դա շատ կարևոր միջոցառում է, և մենք անպայման կարողանալու ենք 2018 թվականին լավ մակարդակով կազմակերպել ու անցկացնել այդ միջոցառումը: Բացի դրանից, նախապատրաստական այդ ժամանակահատվածը Հայաստանում լինելու է ֆրանսերենի և ֆրանսիականի տարածումը` լայն տարածումը մեր երկրում: Մենք միայն այս տարի նախատեսել ենք 600-ից ավելի միջոցառումներ, և դրանց իրականացումը, անշուշտ, կամրապնդի մեր բարեկամությունը, որովհետև մեզ կապող օղակներից երկու շատ հայտնի հանգամանքներ կան` երկու շատ կարևոր փաստեր, գործոններ կան: Դրանցից մեկը Ֆրանսիայում ապրող գրեթե կես միլիոն ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղետից, հասնել Ֆրանսիա, հաստատվել այստեղ և աշխատել Ֆրանսիայի զարգացման համար՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են: Երկրորդ հանգամանքը` ֆրանսիական մշակույթն է, որ Հայաստանը սիրում է, որ Հայաստանում ճանաչում են, որը Հայաստանում տարածված է: Մենք այս ամենը մշտապես պետք է փայփայենք որպես մեր բարեկամության երաշխիք:
Շատ շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, ջերմ ընդունելության համար և համոզված եմ, որ Դուք մշտապես լինելու եք մեր ժողովրդի կողքին: Մենք սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Դուք Հայաստանում ցանկալի հյուր եք, և մենք մեծ հաճույքով կցանկանայինք Հայաստանում ևս վայելել Ձեր բարեկամությունը:
Շնորհակալություն:
***
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով
Ինձ համար հաճույք է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նա բազմիցս արդեն այցելել է այստեղ՝ Ելիսեյան պալատ։ Բայց այսօրվա այցը կրում է առանձնահատուկ խորհրդանշական բնույթ, քանի որ լրանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Բացի այդ այսօր Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, և ես գիտեմ, որ այն Հայաստանում տոնական օր է: Դա ցույց է տալիս այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է կանանց իրավունքների պաշտպանությանը:
Այս այցը առիթ է հիշեցնելու Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ուժը և փոխադարձ բարեկամությունը։
Բարեկամություն, որը մի կողմից ամրապնդված է այստեղ՝ Ֆրանսիայում հայկական ծագումով մեր հայրենակիցների ներկայությամբ: Բայց միևնույն ժամանակ փոխադարձ, որովհետև մենք արդեն երկար ժամանակ է, ինչ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը, և դա մեր կողմից հաստատումն էր առ այն, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել մի ժողովրդի ոչնչացումը, որը մի պետության կամ մեկ այլ ժողովրդի վրեժխնդրության թիրախ է դարձել։
Հայոց ցեղասպանության այդ ճանաչումը մենք դիտարկել ենք որպես խաղաղության հաստատման միջոց. խաղաղություն հիշողության հետ, ինչպես նաև խաղաղություն երկրների միջև։ Մենք մշտապես ցանկացել ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդգրկել ավելի գլոբալ գործընթացի մեջ, որով մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր հանցագործություններին, որ, ցավոք, հնարավոր է իրականացվեն՝ մարդկության դեմ և ռազմական հանցագործություններին։ Ահա թե ինչու մենք ցանկացանք ունենալ նաև օրինագիծ, որը կընդունվեր և կկարողանար պատժել նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության գոյությունը:
Մեր բարեկամությունը նաև ունի փոխադարձ բնույթ, քանզի կան հարաբերություններ, որոնք Հայաստանի անկախությամբ կարևոր զարգացում ապրեցին, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում․ բազմաթիվ ֆրանսիական ձեռնարկություններ ներդրումներ են կատարել Հայաստանում այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցությունը, ծառայությունների ոլորտը և այլն: Բայց մենք կարծում ենք, որ մենք կարող ենք անել ավելին և այդ նպատակով է, որ Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԵԴԵՖ-ի հետ, և նաև այս երեկո՝ պետական ճաշի ժամանակ, կհաստատվեն նոր շփումներ՝ հետագա ներդրումներ խրախուսելու նպատակով։ Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանը կարևոր հարաբերություններ ունի իր հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ: Հատկապես, Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ուստիև կարող է ունենալ սերտ առևտրային հարաբերություններ այդ միության անդամ հանդիսացող պետությունների հետ: Նույն կերպ, ինչպես Հայաստանը կապված է Եվրոպայի հետ և այսօր բանակցում է ասոցիացման համաձայնագրի շուրջ:
Մենք նաև անդրադարձել ենք համալսարանական և մշակութային կապերին, կարևոր համաձայնագրեր են ստորագրվել։ Դուք գիտեք, որ Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարան, որը համաձայնագրեր ունի ֆրանսիական գիտական և համալսարանական հեղինակավոր հաստատությունների հետ, իսկ այսօր էլ ավելացվել է նորը։ Այդ համաձայնագրերը կարող են Հայաստանի տրամադրության տակ դնել մեր տաղանդը, ինչպես և մենք ենք ցանկանում ընդունել ավելի ու ավելի հայ ուսանողներ։ Առկա է նաև լինգվիստիկ կապ․ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության անդամ է և պատրաստվում է 2018 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր պատասխանատվություն է, որն այս շրջանում Հայաստանը հանձն է առել:
Մենք նաև անդրադարձել ենք քաղաքական հարաբերություններին, հատկապես Ֆրանսիայի հնարավորինս օգտակար լինելու առումով:
Հիշատակել ենք, որ Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և մենք ցանկանում ենք աշխատել հանգուցալուծում գտնելու ուղղությամբ: Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին և ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, որպեսզի ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը:
Եվ, այնուհետև, մենք ցանկանում ենք գտնել քաղաքական լուծում, և Ֆրանսիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անհրաժեշտ տևական լուծում գտնելու հարցում:
Ցանկանում եմ նշել, որ Նախագահ Սարգսյանի այցն առանձնահատուկ սպասված է, նա լավագույնս հյուրընկալվելու է ոչ միայն Փարիզում, այլ նաև Լիոնում, որտեղ առկա են բազմաթիվ կապեր այդ ռեգիոնի և Հայաստանի միջև։ Պետք է ընդգծել, որ շատ սերտ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացվում Ֆրանսիայի բոլոր շրջանների կողմից՝ վերջիններիս հայկական գործընկերների հետ:
Ցանկանում եմ ավարտել խոսքս՝ անդրադառնալով մի իրադարձությանը, որն ինձ համար շատ կարևոր էր ու հուզիչ․ Հայոց ցեղասպանության՝ այդ ահավոր ողբերգության 100-րդ տարելիցի միջոցառումները, որի ժամանակ ես Երևանում էի և իմ ներկայությամբ հաստատեցի, որ Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: