Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻՆ

15.12.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում իր տաղանդաշատ հայրենակցի նկատմամբ, ով մեր ժողովրդի համար բոլոր դժվարին պահերին եղել է նրա կողքին և այսօր էլ իր հոբելյանը նշում է Հայաստանում՝ բազմաթիվ մշակութային միջոցառումներով բարձրացնելով մարդկանց տրամադրությունը, նրանց հաղորդակից դարձնելով բարձրաճաշակ ստեղծագործություններին:

Նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր տարբեր բնագավառներում Ստաս Նամինի գործունեությունը, ով արժանիորեն շարունակում է իր հրաշալի ընտանիքի լավ ավանդույթները:

Ստաս Նամինն իր համար մեծ պատիվ համարելով Հայաստան այցելությունը՝ ընդգծել է, որ Հայաստանն իր ընկալումներում մշտապես եղել է հեքիաթային երկիր և անկեղծորեն ուրախ է, որ նման հնարավորություն ունի այստեղ ցուցադրելու այն ամենը, ինչով զբաղվում է. «Ես դաստիարակվել եմ հային բնորոշ ոգով և անչափ շնորհակալ եմ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար»,-Նախագահի հետ հանդիպմանը նշել է անվանի մշակութային գործիչը:
 

← Վերադառնալ ցուցակին