Նախագահ
Նախագահն ընդունել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եվ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին
16.11.2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ ի պաշտոնե նրա առաջին աշխատանքային այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը: Ընդգծելով, որ երկկողմ կապերը խորացնելու և ամենատարբեր ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու որևէ սահմանափակում չկա, Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով ամրապնդելու Մոլդովայի հետ հարաբերությունները:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջպետական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա աշխատանքը, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունները երկկողմ օրակարգի ավելի արդիական և զգայուն հարցերի շուրջ: Հայ-մոլդովական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, կողմերի համոզմամբ, միանգամայն համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների շահերին: