Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովին
05.11.2016
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել համաժողովի մասնակիցներին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը և կանայք» համաժողովում
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ կանայք,
Ես շատ ուրախ եմ ձեզ հանդիպելու այսօրվա հնարավորության համար: Այս ձևաչափով հանդիպումներն արդեն դարձել են ավանդական, որտեղ էլ դրանք կայանան՝ Երևանում, թե Երևանից դուրս: Մեր նախորդ հանդիպումների փորձն արդեն ապացուցել է, որ մենք քննարկելու և խորհրդակցելու բազմաթիվ հարցեր ունենք: Ես ինքս միշտ պատրաստ եմ եղել երկխոսության, առիթը բաց չեմ թողել ձեզ հետ քննարկելու մեր ապագա ծրագրերն ու անելիքները: Ձեր գործընկերային հարցապնդումները, խորհուրդները և անգամ քննադատությունը համարում եմ անհրաժեշտ և օգտակար:
Հանրապետականը պահպանողական կուսակցություն է: Մենք ցանկանում ենք պահպանել և ամրապնդել մեր ավանդական ընտանիքը, որը մշտապես եղել է հայ ժողովրդի պատմական գոյությունը երաշխավորող ամենաանառիկ ամրոցը:
Հայ իրականության մեջ կինը մշտապես իր ամուր և հաստատուն տեղն է ունեցել: Մայրությունը, մոր տեղն ու դերը հայ ընտանիքում մշտապես գնահատվել են որպես կյանքի ակունք և սրբության սրբոց:
Այսօր առաջին հերթին մեր մայրերին ենք պարտական այն ամուր, բարձր և խրոխտ ոգու համար, որ տիրում է Հայոց բանակում: Գլուխ ենք խոնարհում այն որդեկորույս մայրերի առջև, որոնց զավակները նահատակվեցին հանուն հայրենիքի: Այդ ծանր և անփոխարինելի կորստի վիշտը նրանք կրում են բացառիկ արժանապատվությամբ:
Սակայն խոսքս բնավ չեմ ցանկանում սահմանափակել հայկական ընտանիքի կյանքում կնոջ դերակատարմամբ, երեխաների դաստիարակությամբ և կենցաղի կազմակերպման գործով: Ոչ պակաս կարևոր են կնոջ դերը, մասնակցությունը և ներդրումը հասարակության կյանքում: Մենք հպարտ ենք Հայաստանի կանանց ձեռքբերումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում ՝ մշակույթից և կրթությունից մինչև բանակ, գործարարությունից մինչև առողջապահություն:
Իմ կարծիքով, մեր դարաշրջանի խնդիրներից մեկը արհեստական հակասությունն է անձնականի ու ընտանեկանի միջև՝ մի կողմից, և հասարակականի ու պետականի միջև՝ մյուս կողմից: Համոզված եմ, որ նման երկընտրանք չպետք է լինի:
Մեր հասարակությունը բաղկացած է կայացած կանանցից ու տղամարդկանցից: Հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է միշտ ներկայացված լինի կինը՝ հաջողություն ունեցող կինը: Մենք դա խրախուսում ենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և այդ դիրքորոշումը միշտ արտահայտվելու է մեր հստակ կեցվածքում:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր երկրի Սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են կանանց և տղամարդկանց լիարժեք իրավահավասարությունը: Ուստի, պետք է հետևողականորեն իրագործենք արդեն իսկ մշակված օրենքի դրույթները, մասնավորապես՝ շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում:
Այս համատեքստում շատ կարևոր է լիարժեքորեն ներգրավել կանանց մեր երկրի Սահմանադրության բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու գործում: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ թե ավարտեց, այլ սկիզբ դրեց մի շատ կարևոր գործընթացի: Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան:
Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով:
Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:
Նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն և միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այստեղ խիստ կարևոր է լինելու կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը:
Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը:
Նաև առաջարկում եմ, որ ընդարձակենք մեր հորիզոնը և նայենք այդ երկու-երեք տարուց անդին: Շատ ուրախ կլինեմ ծանոթանալու ձեր գաղափարներին և տեսլականին ավելի երկարաժամկետ կտրվածքով: Եկեք միասին մտածենք, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը մինչև 2020, կամ 2030, կամ նույնիսկ 2040 թվականները: Թող դրանք լինեն հստակ նպատակներ և դրանք իրականություն դարձնելու համար հատուկ մշակված ծրագրեր: Վստահ եմ, որ ձեր կազմակերպությունն ունի նման աշխատանք կատարելու ներուժ:
Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է:
Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր:
Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու գործում էական է լինելու մեր երկրի կանանց մտավոր և կազմակերպական հնարավորությունների լիարժեք բացահայտումը:
Սիրելի՛ կանայք,
Ամփոփելով խոսքս` մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր հասարակական-քաղաքական գործունեության մեջ և ձեր անձնական կյանքում:
Շնորհակալություն: