Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

04.11.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին: Բացմանը ներկա է եղել նաև այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ԱԳ նախարարի տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Աշոտ Հովակիմյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվել էր առաջնահերթորեն իրականացնել ներքոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

ՀՀ հյուսիսային սահմանին տեղակայված անցակետերի արդիականացման նպատակով 2012 թվականի օգոստոսին ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ստորագրել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագիրը:

Սահմանային վերոնշյալ անցումային կետերի արդիականացման ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է երկու փուլով՝ նախատեսելով, որ առաջին փուլում շահագործման կհանձնվեն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը, երկրորդ փուլում՝ Բավրայի անցակետը: Բավրայի անցակետում աշխատանքները դեռևս շարունակվում են: ՀՀ պետական սահմանի վերակառուցված և արդիականացված Գոգավան անցման կետից ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը ուղիղ տեսակապով Հանրապետության Նախագահին զեկուցել է, որ Գոգավան անցման կետի տեխնիկական մեկնարկը ևս տրվել է, և անցակետը գործում է բնականոն: Սահմանային բոլոր ծառայությունները զբաղեցրել են նախատեսված աշխատանքային տարածքները, սահմանային և մաքսային հսկողության գործառույթներն իրականացվում են ըստ սահմանված ընթացակարգերի:

Հանրապետության Նախագահը կարևորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը այնտեղ տեղակայված բոլոր մարմինների կողմից, ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը մեր երկրի մասին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 52.13 մլն եվրո է: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սահմանով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին՝ միաժամանակ պահպանելով սահմանային անվտանգությունը, բարելավել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը, արդիականացնել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային երեք անցակետերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, միջազգային չափանիշների և սկզբունքների, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման սկզբունքների համաձայն:

Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին, որոնց վերաբերյալ զեկուցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա գործող կամուրջը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին և ներկայիս վիճակով չի կարող ծառայել իր նպատակներին: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել կառուցել նոր, ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխանող կամուրջ։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 17.06.2015թ.։

Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված 10,3 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագրի միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը:

Հայաստանը Վրաստանին կապող կամրջի շինարարությունը կմեկնարկի 2017թ., երբ կամփոփվեն տեխհսկողության խորհրդատուի և կապալառուի ընտրության նպատակով կամրջի նախագծման-շինարարության իրականացման միջազգային մրցույթները և կհայտարարվեն հաղթող ընկերությունները: Պատասխանատուների հավաստմամբ, մրցույթները հայտարարվել և իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում՝ երկու պետությունների համատեղ ուժերով, ինչպես նաև ՎԶԵԲ-ի էլեկտրոնային գնումների հարթակի միջոցով, ինչը երկու երկրների համագործակցության նախադեպը չունեցող գործընթաց է:

Նախատեսվում է, որ կառուցվող կամուրջն ավելի կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Այն նաև կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, կդյուրինացնի առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ: 

← Վերադառնալ ցուցակին