Նախագահ
Նախագահը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին
05.10.2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում:
Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին Նախագահը շնորհավորել է և վստահություն հայտնել, որ նոր աշխատանքում նա կհամատեղի զինվորականի ու արդեն քաղաքական գործչի իր պարտականությունները՝ հանդիպման մասնակիցների հետ ձեռնամուխ լինելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները կազմակերպելուն, քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ ձևավորելուն և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելուն:
Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը վստահեցրել են Հանրապետության Նախագահին, որ իրենց գործունեության ընթացքում ՀՀ Նախագահի աշխատակազմը և ԱԱԽ քարտուղարությունը լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ավելի բարձրացմանը: