Նախագահ
Նախագահն ընդունել է Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին
22.09.2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:
Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը կարևորել է Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երևանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ:
Նմանատիպ միջոցառումները, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլև նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում պատշաճ ներկայացնելու և գիտության զարգացման ժամանակակից միտումներին հաղորդակից դարձնելու համար:
Հանդիպմանը մասնակցող գիտնականները ՀՀ Նախագահին ներկայացրել են համաժողովի ընթացքից իրենց տպավորություններն ու միջոցառումից ակնկալիքները:
Սերժ Սարգսյանը պատասխանել է գիտնականներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել կրթության և գիտության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց շրջանակներում հատկապես երիտասարդ գիտնականներին խրախուսման, նրանց գործունեության օժանդակմանն ուղղված ծրագրերը:
Հայազգի գիտնականները Հանրապետության Նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով համատեղ հետագա համագործակցության շուրջ: