Նախագահ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.06.2016
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը Չեխիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի կապակցությամբ ստորագրել են «Հուշագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»:
Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:
Պետական այցի շրջանակներում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի Նախագահ և իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։
Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Գոհունակությամբ նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում և վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։
Միայն 2014թ․ ի վեր շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի փոխայցեր են կայացել: Մեր նախորդ հանդիպումից հետո ՀՀ-ում բացվել է Չեխիայի Հանրապետության դեսպանությունը և նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Այս առումով, իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։
Նախագահ Զեմանի հետ հանգամանորեն քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը մեր առաջնահերթություններից է։ Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, և քիչ հետո էլ ես և Նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը։ Իհարկե, այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Այս առումով քննարկեցինք նաև նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։ Միևնույն ժամանակ Նախագահ Զեմանի հետ համակարծիք էինք, որ երկուստեք տնտեսական կապերի զարգացումը կարևորելով հանդերձ՝ մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին և հասցրել մինչև 21-րդ դար:
Մենք շատ բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. Զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների։
Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին, և ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի՝ Չեխիայի Հանրապետության հնարավորությունները: Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ:
Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի Նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:
Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային:
Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։
Շնորհակալություն։
Ես հաճույքով խոսքը տրամադրում եմ իմ բարեկամ Նախագահ Միլոշ Զեմանին: