Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՀԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԺՈՒԺԱՆՆԱ ՅԱԿԱԲԻՆ

26.04.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին:

Հանդիպման սկզբում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը ցավակցություն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում ԼՂ հակամարտության շփման գծում լարվածության աճի և դրա հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Հանրապետության Նախագահը և տիկին Ժուժաննա Յակաբը երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի և ԱՀԿ-ի՝ շուրջ 25 տարվա պատմություն ունեցող համագործակցության մասին, ընդգծելով, որ հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ Հայաստանը վերջին տարիներին կարևոր քայլեր է ձեռնարկել՝ ուղղված բնակչության առողջ ապրելակերպի խթանմանը, տրամադրվող բժշկական օգնության որակի բարելավմանը, բժշկական ծառայությունների հասանելիությանը:

Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի սերտ փոխգործակցությունն ու աջակցությունը Հայաստանի առողջապահության բնագավառին՝ հաշվի առնելով ազգային առաջնահերթությունները:
 

← Վերադառնալ ցուցակին