Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

09.03.2016

Հանրապետության Նախագահին այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, գործարար համաժողով, Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև այդ իրադարձություններին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Արտակ Դավթյանը, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում. վերջին 5-6 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հայաստանում գործում մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց ներդրումն են բերում մեր երկրի զարգացման գործում։ Կարծում եմ՝ զուտ արդյունաբերության ոլորտում կարևորագույն, հաջողված ծրագրերից մեկը՝ «Քրոնոմետի» հետ մեր համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը: Այս տարիների ընթացքում «Քրոնոմետը» մեզ համար եղել է վստահելի գործընկեր, որի հետ մենք կարողացել ենք աշխատել ինչպես արտադրության ծավալների, աշխատատեղերի ավելացման հարցերում, այնպես էլ որպես Հայաստանում ամենամեծ գործատուներից մեկի հետ, որը պետական բյուջեի նկատմամբ իր պարտականությունները մշտապես պարտաճանաչորեն կատարող, վստահելի, պատասխանատու և ամենախոշոր հարկատուներից մեկն է։ Սա մեզ համար պետք է լինի տնտեսական բնագավառում համագործակցության շատ լավ օրինակ։

Մենք արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում ենք նաև որպես ԵԱՏՄ անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաև ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։ Այս առումով, Հայաստանում գործում են մի քանի ձեռնարկություններ։ Նախ կցանկանայի տեսնել, թե ի՞նչ հնարավորություններ ունենք ընկերությունների թիվն ավելացնելու, որովհետև գերմանացիները տիրապետում են բարձրակարգ տեխնոլոգիաների՝ արտադրության գրեթե բոլոր բնագավառներում։ Եվ, իհարկե, Հայաստանում էլ կան գործարարներ, ովքեր նրանց հետ կարող են լինել գործընկեր, այնուհետև նաև՝ պատասխանատու լինել այդ արտադրանքի իրացման համար։ Կարծում եմ, որ մեզ համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: Կան այդպիսի վառ օրինակներ։ Մեզ համար շատ ցանկալի է, որ մեր եղած ձեռնարկություններն ամբողջովին վերազինվեն նման սարքավորումներով։ Մի կարևոր ուղղություն կա, որով մենք, ցավոք, շատ մեծ հաջողություններ չունենք, բայց մեզ համար խիստ անհրաժեշտ է։ Խոսքս գերմանական արտադրանքի արտահանումը խրախուսող «Հերմես» ընկերության մասին է, որը նորմալ բիզնես ծրագրերի պարագաներում շատ մեծ օժանդակություն է ցուցաբերում: Փաստորեն ստացվում է, որ այդ սարքավորումները տրամադրվում են լիզինգով, այսինքն՝ մեր գործարարների համար շահավետ պայմաններով: Այստեղ մենք ունենք նախնական այդպիսի մի պայմանավորվածություն, որի ուղղությամբ մենք պետք է շատ ջանքեր ներդնենք:

Ես կարծում եմ՝ մեզ համար շատ կարևոր գործընկեր է Զարգացման գերմանական բանկը (KFW), որի հետ արդեն գրեթե 20 տարի է մենք համագործակցում ենք, և որը Հայաստանի տնտեսական զարգացման գործում ուղղակի անփոխարինելի դերակատարություն է ունեցել: Վարկավորվել են հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Մեր փոքր հիդրոկայանների գրեթե ամբողջ ծրագիրն իրականացվել է KFW բանկի միջոցներով: Այստեղ մեր համագործակցությունը, անշուշտ, պետք է շարունակել: Վերջին այդպիսի համագործակցությունը եղավ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ 400 կվ լարման գծի կառուցման պայմանագիրը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում, որը մեր էներգետիկ համակարգը կդարձնի շատ ավելի կայուն, անվտանգ և շահավետ: Շատ կարևոր ծրագիր է, և այն, իհարկե, պետք է ունենա երկրորդ փուլը՝ իր ավարտը, որպեսզի մենք այստեղ կարողանանք ունենալ նաև ժամանակակից համակարգ:

Անշուշտ, մեզ համար շատ կարևոր է գերմանացիների տեխնիկական օժանդակությունը: Նրանք, ըստ էության, երկրորդ դոնոր երկիրն են Հայաստանի համար՝ Միացյալ Նահանգներից հետո: Անցած տարիների ընթացքում Գերմանիան հարյուր միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանին՝ որպես տեխնիկական օժանդակություն, և, իհարկե, այս համագործակցությունն էլ պետք է շարունակել:

Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մոտ ժամանակներս ես այց եմ ունենալու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և, իհարկե, տեղյակ եմ, որ այս տարի պետք է կայանան գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ: Կցանկանայի այս հարցերի մասին հանգամանորեն խոսենք, և, իհարկե, քաղաքական կողմը մի փոքր տարանջատենք տնտեսականից: Քաղաքականում էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք, բայց այս պահին առաջին հերթին ինձ հետաքրքրում է մեր տնտեսական համագործակցությունը»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը, զարգացման դինամիկան, ընթացիկ և առաջիկա ծրագրերը, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլն, փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքները: «Պարո՛ն Նախագահ, ինչպես Դուք արդեն նշեցիք, Գերմանիան արտահանումների առումով աշխարհում առաջատարներից է, նույնիսկ կարելի է ասել՝ առաջինն է և աշխարհում հինգերորդ խոշոր տնտեսությունն ունի: Այսօր ԳԴՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքում առյուծի բաժինն ընկում է ծառայությունների ոլորտին: Արդյունաբերությունն ընդամենը 25 տոկոս է կազմում ՀՆԱ-ի կառուցվածքում: Գերմանիայի տնտեսության մեջ վերջին շրջանում նկատելի են հատկապես ծառայությունների ոլորտում որոշ աշխարհագրական տեղաշարժեր, և կարծում եմ՝ սա աութսորսինգի սկզբունքով տնտեսության մեջ ընկերությունների ձևավորում է, նրանց աշխատանքների իրականացում Գերմանիայից դուրս՝ այլ երկրներում: Այս իմաստով մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ գերմանական կողմը նույնպես հետաքրքրություն ունի: Մենք այս ընթացքում արդեն կարողացել ենք բանակցություններ վարել գերմանական «Սիմենս», «Սափ» և «Լյուֆթանզա» ընկերությունների հետ, որպեսզի աշխարհագրական տեղաշարժերի շրջանակներում նաև Հայաստանը հնարավոր և հետաքրքրող շուկա հանդիսանա»,-ասել է դեսպան Աշոտ Սմբատյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

 

← Վերադառնալ ցուցակին