Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԹԻՆԱԹԻՆ ԽԻԴԱՇԵԼԻԻՆ

01.02.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ Նախագահը և Վրաստանի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում միջպետական հարաբերություններին, հստակեցնում առաջիկա համագործակցության հեռանկարը, նպաստում նաև օրակարգային ընթացիկ հարցերին գործնական և արագ լուծումներ գտնելուն:

Հանրապետության Նախագահն ընդգծել է հայ-վրացական ավանդական գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հավասարակշռված մոտեցումների կարևորությունը տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյունից:

Նախարար Թինաթին Խիդաշելին նշել է, որ Վրաստանում մեծապես գնահատում են հազարամյակների պատմություն ունեցող հայ և վրացի ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները և ընդգծել, որ տարածաշրջանում նման հին պատմություն ունեցող բարեկամ ժողովուրդներին ոչինչ չի կարող բաժանել այն ճանապարհից, որը նրանք սկսել են հազարամյակներ առաջ ու միասին շարունակելու են նույնքան երկար տարիներ:

Հանդիպմանը Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են նախարար Թինաթին Խիդաշելիի այցի շրջանակներում հայ-վրացական ռազմական համագործակցության ուղղությամբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:  

← Վերադառնալ ցուցակին