Նախագահ
ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
27.01.2016
Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար է, ինչ մենք ազատ ու անկախ պետականություն ունենք: Այս ողջ ժամանակահատվածում ոչ մի րոպե չենք կասկածել, որ մեր երկրի 25-ամյա ուղին անհնարին էր լինելու առանց այն բանակի, որ մենք ենք ստեղծել:
Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում: Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Մենք շատ լավ գիտեինք, թե ով ենք մենք և որտեղ ենք ապրում: Մենք հայ ենք և, լինելով Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի հնագույն ազգերից մեկը, ունենք հազարամյակների փորձառություն:
Այն ողբերգական իրադարձությունները, որ տեղի են ունենում այսօր Մերձավոր Արևելքում և ընդհանուր առմամբ մեզ շատ մոտ տարածքներում, ցավալիորեն ծանոթ են մեզ և կրկնվել են պարբերաբար: Մենք եղել ենք ականատեսը, ժամանակակիցն ու տարեգիրը նման իրադարձությունների: Մեր աչքի առջև են դրանք կատարվել վերջին դարերի և առնվազն երկու հազարամյակների ընթացքում: 25 տարի առաջ, երբ մենք ստանձնում էինք սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը, գիտակցում էինք, որ դա գրեթե հավասարազոր է մարտադաշտ մտնելուն:
Եվ մենք մտանք: Մտանք հանուն մարդու և ժողովրդի իրավունքների, հանուն ազատության: Մենք արդեն տեսել էինք Բաքվի հայկական եկեղեցուց բարձրացող ծուխը, որ վերջին և ամենահամոզիչ ազդանշանն էր բոլոր կասկածողների համար: Ավելի ուշ՝ արդեն մեր օրերում հրկիզված ու պայթեցված կրոնական օջախներից բարձրացող ծուխը պիտի տեսներ ողջ աշխարհը և զարմանքի ու վրդովմունքի սարսուռ ապրեր:
Մենք այդ սարսուռն ապրել ենք 1988-ից սկսած, և ինքնաբուխ կերպով ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները առաջին քայլերն էին գոյապայքարի ճանապարհին: Մենք նաև գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին՝ հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը՝ մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որ իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ:
Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ ու սպաներ, հարգելի՛ վետերաններ,
Այս փառապանծ տոնը, իհարկե, համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տոնն է: Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն: Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր: Ձեզ և մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն մի առաջընթացի:
Հարգելի՛ պարգևատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:
Ձեր և ձեր ծառայակիցների շնորհիվ է, որ Հայաստանի զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը, լուծում իրենց առջև դրված խնդիրները: Դուք դա իրականացնում եք պատվով ու մասնագիտական բարձր մակարդակով:
Դուք արժանավոր հետնորդներն եք նրանց, ովքեր Արցախյան հերոսամարտի կրակների մեջ հիմքերն էին դնում մեր ապագա բանակի: Նրանցից շատերն ընկան՝ մեզ պարգևելով կյանք ու ազատություն: Այսօր՝ այս նվիրական օրը, մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև: Դուք այն արժանավորներն եք, ովքեր հավատարիմ են նահատակների պատգամներին և նրանց կտակած արժեքներին:
Աստված պահապան Հայոց հողին:
Փառք հայ ժողովրդին և նրա ռազմիկ զավակներին: