Նախագահ
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը
22.01.2016
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք):
Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, նշելով, որ որպես Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպան, այդ առաքելությունն առավել կարևոր և պատասխանատու է, քանզի կոչված է ամուր հիմքեր ստեղծելու երկկողմ միջպետական կապերի շարունակական զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար: Համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահն առաջին հերթին կարևորել է իրավապայմանագրային դաշտի ստեղծումը:
Նշելով, որ հայ-բանգլադեշյան հարաբերությունները սկիզբ են առնում դեռևս 17-րդ դարից, և Դաքայի նախկինում հայաբնակ Արմանիթոլա թաղամասում մինչ այսօր կանգուն է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ցավոք, ակտիվ աշխատանք չի իրականացվել միջպետական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ:
Կողմերի համոզմամբ, Հայաստանում դեսպանի նշանակումը և փոխադարձաբար Բանգլադեշում դեսպան նշանակելու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է հարաբերությունները զարգացնելու երկու երկրների քաղաքական կամքի և վճռականության մասին:
Հանդիպմանն ընդգծվել է նաև միջազգային կառույցների շրջանակներում հայ-բանգլադեշյան համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: