Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
20.01.2016
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կևորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ):
Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) և Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:
Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին և Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:
Հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին:
Այս տարի մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի ոլորտում, թատերական արվեստի ոլորտում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2015թ. ՀՀ պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:
Պետական մրցանակները հանձնելուց հետո, Հանրապետության Նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր արվեստագետներին և գիտնականներին մենք շնորհում ենք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:
Համոզված եմ, որ գիտական նոր նվաճումը կամ արվեստի նոր ստեղծագործությունը իր իսկական գնահատականը ստանում է ավելի ուշ, երբ անցնում է ժամանակի քննությունը: Դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք հարյուր կամ երկու հարյուր տարի և հետո միայն գնահատենք, թե ով ինչ է արել: Համոզված եմ նաև, որ ժամանակակիցները պատասխանատվություն ունեն ստեղծագործողների և հայտնագործողների առջև: Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ: Սա հասարակության ու պետության արժեքային համակարգը վերահաստատելու պարտադիր միջոց և պայման է:
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների իմաստը ես առաջին հերթին տեսնում եմ հենց դրանում: Մենք մատնանշում ենք, կարևորում ենք, հանրությանն ի ցույց ենք դնում այն, ինչը արժանի է գնահատականի այսօր և այստեղ:
Հարգելի՛ ներկաներ,
Մենք այս տարի ունենք անվանակարգեր, որոնց հետ կապված ես, իհարկե, երկակի զգացողություն ունեմ: Մի կողմից՝ տխուր եմ, որ, օրինակ, թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում չունենք մրցանակակիրներ, մյուս կողմից՝ ուրախ եմ, որ մեր համապատասխան հանձնաժողովները խստապահանջություն են դրսևորել, որովհետև եթե մենք չափորոշիչներն իջեցնենք, սրանով ուղղակի կարժեզրկենք մեր պետական մրցանակները: Այնպես որ հանձնաժողովների անդամներին և նախագահներին, որտեղ մենք չունենք մրցանակակիրներ, ես ոգևորում եմ, խրախուսում եմ՝ շարունակել նույն ոգով: Հուսով եմ, որ այս անվանակարգերում հաջորդ տարիներին մենք իսկապես կունենանք արժանավոր թեկնածուներ:
Հարգելի՛ դափնեկիրներ,
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր արժեքավոր աշխատանքի համար և կրկին շնորհավորում եմ այս պատվավոր մրցանակներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ նոր գիտական և ստեղծագործական ձեռքբերումներ՝ ի փառս մեր երկրի, նրա գիտության և մշակույթի:
Շնորհակալություն: