Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
25.11.2015
Հանրապետության Նախագահն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել մեր քաղաքացիների և մեր երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները: «Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում: Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, և նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը»,- նշել է Նախագահը, և որպես ասվածի վառ ապացույց, մատնանշել այս գիշեր տեղի ունեցած միջոցառումը. «Մենք տարիների քրտնաջան աշխատանքով՝ հենց նշածս մարդկանց քրտնաջան աշխատանքով, դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, և Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, իհարկե նաև՝ այս բնագավառում: Խնդրում եմ իմ շնորհակալությունը փոխանցել անձնակազմին, ով մասնակցել է այդ միջոցառմանը», - եզրափակել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահն իրավասու իրավապահ մարմիններին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ընդգծելով, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական և հետևողական բնույթ կրեն: