Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆ ՂԱԶԻ ՏԱՀԵՐ ԽԱԼԵԴԻՆ

18.11.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց` երկու երկրներում գործում են դեսպանություններ, ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են առևտրատնտեսական հարաբերությունները, որոնց արդյունքում ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերոնշյալ ձեռքբերումները խոսում են երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության և վճռականության մասին:

Նախագահը մաղթել է, որպեսզի Իրաքում շուտափույթ խաղաղություն և կայունություն հաստատվի: ՀՀ Նախագահը և Իրաքի դեսպանը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Դեսպան Խալեդին շնորհակալություն է հայտնել գնահատանքի և բարեմաղթանքների համար, նշելով, որ իր համար մեծ պատիվ էր պաշտոնավարել հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հինավուրց Հայաստանում, որտեղ ձեռք է բերել մեծ փորձ և բազմաթիվ ընկերներ:

Նա վստահեցրել է, որ որտեղ էլ հետագայում իրականացնի իր դիվանագիտական աշխատանքը՝ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:  

← Վերադառնալ ցուցակին