Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍԱՏՈՄ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՍԵՐԳԵՅ ԿԻՐԻԵՆԿՈՅԻՆ

07.10.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:

Ընդգծելով, որ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության երկկողմ օրակարգում էներգետիկայի ոլորտն իր կարևոր և ուրույն տեղն ունի, Հանրապետության Նախագահը նշել է, որ հենց այդ նկատառումով անցյալ ամիս ՌԴ Նախագահի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձ է եղել նաև էներգետիկայի ոլորտում համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման հարցերին:

Երկուստեք բարձր է գնահատվել վերոնշյալ ոլորտում փոխգործակցության մակարդակը: Սերգեյ Կիրիենկոն գոհունակությամբ է խոսել Երևանում այսօր կայացած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստի քննարկումների ընթացքի և արդյունքների, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին: Նիստը նվիրված է եղել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցին: «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել՝ համագործակցության աշխատակարգով նախատեսված հետագա անելիքներին:

← Վերադառնալ ցուցակին