Նախագահ
ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
07.09.2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերին, նախանշել հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:
ՌԴ Նախագահը ողջունել է գործընկերոջը և շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար.
«Հարգելի Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Մենք Ձեզ հետ, իսկապես, պարբերաբար հանդիպում ենք՝ և՛ հեռախոսով ենք խոսում, և՛ տարբեր համաժողովների ժամանակ ենք հանդիպում, և՛ ամեն անգամ, փաստացիորեն ամեն անգամ, անցկացնում ենք երկկողմ հանդիպումներ, և, ինչպես հիմա՝ մամուլի ներկայությամբ կամ առանց նրա: Բայց այնուամենայնիվ, մենք միշտ քննարկելու բան ունենք։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, ինչպես նաև լիարժեք մասնակցությունը մեր մեկ այլ ինտեգրացիոն կառույցին՝ ՀԱՊԿ-ին: Կցանկանայի այս առումով Ձեզ հետ մի շարք հարցեր քննարկել։ Հաճելի է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: Համեմատած 2013 թվականի հետ, անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Մենք այսօր այդ մասին ևս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռևս չունեմ պատասխաններ: Մենք պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել այդ հարցերը: Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Բարի գալուստ»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով ՌԴ Նախագահին հանդիպման հրավերի համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ, իրականում, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած և մշտապես հարստացվում է նոր նախաձեռնություններով: «Մեր պարբերական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել նախկին պայմանավորվածությունները և արձագանքել ծագած հարցերին: Վերջին անգամ մենք Ձեզ հետ մանրամասն քննարկեցինք մեր օրակարգը Երևանում, երբ Դուք մասնակցում էիք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և կարծիքներ փոխանակեցինք Մոսկվայում՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ և, իհարկե՝ Ուֆայում: Այդ ժամանակահատվածում Հայաստանի համար մի շարք կարևոր հարցեր են լուծվել, և միանգամից ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար: Շատ շնորհակալ եմ Ձեզ: Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի: Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, և դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը:
Ստորագրվել է համաձայնագիր, արդեն ուժի մեջ է մտել, և Հայկական ատոմակայանում սկսվել են արդիականացման աշխատանքները: Իհարկե, մեր հարաբերություններում նոր իրողության սկիզբ է դրել Եվրասիական տնտեսական միության գործունեությունը և, իհարկե, մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորման բովանդակությունը հագեցվի մեր ժողովրդի համար զգալի գործերով: Մենք, իհարկե, պատրաստ ենք նման աշխատանքի, և շահագրգռված ենք ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների հնարավորինս արագ կյանքի կոչման գործում: Մեզ համար դա, իհարկե, շատ կարևոր է: Եվ այս համատեքստում, Վլադիմիր Վլադիմիրի, իհարկե, Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, և ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ։
Վլադիմիր Վլադիմիրի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
Վերջում ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ շատ դինամիկ զարգանում են հումանիտար ոլորտի մեր հարաբերությունները։ Երևանում վերջերս բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ Շուտով իր գործունեությունը կսկսի ռուսական գիմնազիան, և բառացիորեն մի քանի շաբաթից մենք Երևանում կանցկացնենք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը։ Կարծում եմ, որ այդ ամենը ևս կօգնի բարելավել մեր հարաբերությունները, և, իհարկե, ուզում եմ նշել, որ լավ է աշխատում միջկառավարական հանձնաժողովը։
Շատ շնորհակալ եմ»,-ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: