Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
26.08.2015
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ:
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին:
Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների վերաբերյալ և կարևորել ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ակտիվ քննարկումները: