Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԻՆ
20.07.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին:
Երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ Նախագահի և ԵԽ Նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին:
Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ընթացիկ համագործակցությանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: Հանրապետության Նախագահը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:
Խոսելով դժվարին բանակցությունների արդյունքում Հունաստանի ճգնաժամի հաղթահարման գործընթացում արձանագրված որոշակի առաջընթացի մասին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հարցը հնարավորինս արագ և կողմերի համար ընդունելի տարբերակով լուծման կհանգի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես մեր երկրի կարևորագույն գործընկեր ԵՄ տարածքում կայունության ապահովմամբ, այնպես էլ Հայաստանի դարավոր բարեկամ Հունաստանի բնականոն զարգացմամբ։
Հանդիպման ժամանակ նշելով, թե ուրախ է, որ Հայաստանում օրենքի համաձայն նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, Դոնալդ Տուսկը ՀՀ Նախագահին խնդրել է ներկայացնել բարեփոխումների իրականացման նպատակը և այդ գործընթացի վերաբերյալ նրա գնահատականը:
Բանակցությունների ընթացքում քննարկված թեմաները ՀՀ Նախագահը և ԵԽ Նախագահը ամփոփել են մամուլի ասուլիսի ժամանակ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Ես կրկին ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկին Հայաստանում և իմ գոհունակությունն եմ հայտնում մեր այսօրվա զրույցի վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, մեզ հուզող բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար:
Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջև ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ:
Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը:
Անդրադառնալով ս. թ. մայիսի 21-22-ը կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովի արդյունքներին` մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ ԵՄ և գործընկեր երկրների միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը:
Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:
Մենք նաև կարևորեցինք, որ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009թ.-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին:
Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով:
Անշուշտ, անդրադարձանք նաև այս օրերին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր իրադարձությունների և համոզմունք հայտնեցինք, որ այդ իրադարձությունների բարեհաջող ընթացքը իր դրական դերակատարությունը կունենա ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման գործում։ Մեր երկրի առաջնահերթ շահերից է բխում հարևան Իրանի Իսլամական Հանրապետության բնականոն զարգացումն ու լիարժեք ներգրավվածությունը միջազգային գործընթացներում: Անշուշտ, մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դարավոր բարեկամ Հունաստանը օր առաջ կարողանա լուծել իր առջև ծառացած բարդագույն խնդիրը:
Ավարտելով խոսքս՝ նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի այցը լավագույնս վկայում է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա են ընդհանուր ըմբռնում և փոխադարձ հետաքրքրություն` խորացնելու առկա կապերն ու շփման ձևաչափերը:
Շնորհակալ եմ, իսկ հիմա հաճույքով խոսքը տրամադրում եմ Նախագահ պարոն Տուսկին: