Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 86-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

17.06.2015

 ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին այցելել է Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ մասնակցել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը, Երևանի քաղաքապետն ու միջոցառման հյուրերը նախ հարգանքի տուրք են մատուցել հայ անվանի շախմատիստի հիշատակին` ծաղիկներ դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու դիմաց: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև «Շախմատի տան» առաջին հարկում դիտել է արագ շախմատի ավագ մասնակիցների (վետերանների) մրցաշարը, որից հետո դահլիճում հետևել է արագ շախմատի կրտսեր մասնակիցների մրցաշարին:
Միջոցառման շրջանակում ներկայացվել են Տիգրան Պետրոսյանի 86-ամյակին և Ռուսաստանի Դագոմիս քաղաքում ս.թ. հունիսի 1-9-ը անցկացված «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային թիմային պատանեկան մրցաշարի հաղթող Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի շախմատային թիմին նվիրված տեսաֆիլմերը: «Սպիտակ նավակ» մրցաշարում հաղթած պատանի շախմատիստները՝ Արթուր Դավթյանը, Դավիթ Միրզոյանը, Սամվել Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են արժեքավոր նվերներով՝ համակարգիչներով, իսկ թիմի մարզիչ Սամվել Միսակյանը ստացել է դրամական պարգև:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվա, ինչպես նաև պատանի շախմատիստների հաղթանակի առթիվ՝ դպրոցի սաներին մաղթելով նորանոր հաջողություններ: Նախագահը նաև մաղթել է, որ իր և Երևանի քաղաքապետի կողմից հաղթող պատանի շախմատիստներին նվիրած համակարգիչներն կօգնեն տիրապետելու շախմատի՝ այդ գեղեցիկ և հիասքանչ խաղի շատ նրբերանգների:
Միջոցառումների շրջանակում «Շախմատի տանը» կայացել է նաև Տիգրան Պետրոսյանին նվիրված՝ «Այսպես դարձանք գերտերություն» գրքի շնորհանդեսը: Հեղինակներ Գագիկ Մինասյանը և Ռաֆայել Չատինյանը գրքում ներկայացրել են հայկական շախմատի զարգացման պատմությունը, հայ շախմատիստների խաղացած բազմաթիվ գեղեցիկ պարտիաների վերլուծություններ, ինչպես նաև հարցազրույցներ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն շախմատիստների հետ:

← Վերադառնալ ցուցակին