Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՎԵՈԼԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՏՈՒԱՆ ՖՐԵՐՈՅԻՆ

01.06.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյին, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպությունը 2006թ-ից տասը տարի ժամկետով իրականացնում է Երևան քաղաքի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել մեր երկրում «Վեոլիա» ընկերության գործունեությունը, ընդգծելով, որ մինչ այժմ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման գործում արձանագրված ցուցանիշները վկայում են նկատելի առաջընթացի մասին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ֆրերոյի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի «Երևան Ջուր» ընկերության աշխատանքին:

«Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նշել է, թե հպարտությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է իր գլխավորած ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալում և աշխարհի մի շարք երկրներում ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում ունեցած մեծ փորձը կիրառում նաև Հայաստանում: Անտուան Ֆրերոն ընդգծել է, որ «Վեոլիա»-ն Հայաստանում մեծ և հավակնոտ ծրագրեր ունի, նաև ցանկություն՝ ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից բացի ընդգրկելով նաև Հայաստանի այլ քաղաքներն ու գյուղերը: Ըստ նրա, նպատակ մեկն է՝ ի վերջո Հայաստանում ամենուր ապահովել 24-ժամյա ջրամատակարարում:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ «Վեոլիա»-ն ակտիվորեն պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել ՀՀ կառավարության կողմից անցկացվելիք մրցույթին և կանի ամեն հնարավորը՝ ապահովելու մրցույթի պայմաններն ու իր փորձառությամբ և ծառայությունների մատուցման որակով օգտակար լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին