Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԱՏՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԴՐԻՍ ԲԵՐԶԻՆՇԻ ՀԵՏ
21.05.2015
Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը Լատվիայի Նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ նրա, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման և երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ:
Նախագահներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: