Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
28.04.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26-28-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը:
Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով: Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ Նախագահը զրուցել է նաև նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին: