Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

21.03.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Գրինհաուզ» ընկերություն, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ ջերմոցային համալիր կառուցելու և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրություն կազմակերպելու նպատակով: Ընկերության հիմնական գործունեությունը թարմ ու վերամշակված պտուղբանջարեղենի արտահանումն է դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ:

Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և «Գրինհաուզ» ընկերության ղեկավարության ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ջերմոցային համալիրում, ծանոթացել իրականացված ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներին և դրանց արդյունքում ստեղծված պայմաններին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներին ու ընկերության զարգացման ծրագրերին:

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հանրապետությունում ջերմատնային տնտեսության զարգացման միտումներն ու հեռանկարները, ջերմատների զարգացման համար ստեղծվող բարենպաստ նախադրյալները:

Ըստ ոլորտի պատասխանատուների, 2015թ. փետրվարի դրությամբ, հանրապետությունում շահագործվում են ավելի քան 763.6 հա ընդհանուր մակերեսով ջերմատներ, այդ թվում՝ 74.25 հա՝ նորագույն տեխնոլոգիաներով (42.95 հա՝ ՀՀ Կոտայքի, 1.0 հա՝ ՀՀ Արմավիրի և 30.3 հա՝ ՀՀ Արարատի մարզերում):

Հանրապետության ջերմատնային տնտեսություններում աշխատում է 10-12 հազ. մարդ, որոնց մեծ մասը փոքր ջերմատների կառավարողներն են և ժամանակավոր աշխատողները: 2015թ. կավարտվի նորագույն տեխնոլոգիաներով շուրջ 51.0 հա ջերմատների կառուցումը, որից Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում` 46.0 հա, Ձորաղբյուր համայնքում` 5.0 հա: Արարատի մարզի Շահումյան համայնքում 2014-2015թթ. կառուցված 30.0 հա ջերմատներից բացի, «Գրինհաուզ» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում տարածքն ընդլայնել ևս 40.0-50.0 հա-ով:

«Գրինհաուզ»-ի պատասխանատուները ներկայացրել են իրենց ղեկավարած ընկերության ընդլայնման ռազմավարությունը, նշելով, որ այն ընդգրկում է շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով լրացուցիչ 20 հա ջերմատնային համալիրի (ամբողջությամբ ջեռուցվող և հիդրոպոնիկայով) կառուցում 2015թ. ընթացքում, որի ֆինանսավորումն իրականացվելու է իտալական «SACE» հիմնադրամի (Արտաքին առևտրի ապահովագրական/վարկավորման ծառայությունների պետական գործակալության) աջակցությամբ, իսկ ջերմատնային համալիրի կառուցվածքները մատակարարելու է իտալական «Լուկկինի» ընկերությունը: Արդյունքում, ընկերության ջերմատներում անմիջապես ներգրավված մշտական աշխատողների թվաքանակը նախատեսվում է կրկնապատկել, իսկ ընդհանուր արտադրական հզորությունները հասցնել տարեկան ավելի քան 15000 տ:

«Գրինհաուզ» ջերմոցային համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել բողկի վերամշակման ու փաթեթավորման արտադրամասի բացման և ջերմատնային համալիրիի կառուցման 2-րդ փուլի մեկնարկի արարողություններին, որից հետո Նախագահի ներկայությամբ «Գրինհաուզ» ՍՊԸ-ն 20 հա նոր ջերմատների շինարարության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել իտալական «Լուկկինի» ընկերության հետ:

Արարատի մարզ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Զանգակատուն համայնքում գտնվող Պարույր Սևակի տուն-թանգարան: Մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ Սերժ Սարգսյանն այցելել է տուն-թանգարանի նորակառույց մասնաշենք, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, թանգարանի նոր պայմաններին և դիտել նորացված էքսպոզիցիան, Սևակի ժողովածուների նոր հրատարակումների ցուցահանդեսը:

Դեռևս 2013թ. հունվարի 24-ին՝ Պարույր Սևակի 89-ամյակի օրը, Նախագահ Սերժ Սարգսյանի Զանգակատուն կատարած այցելության ընթացքում տուն-թանգարանի տնօրինությունը և համայնքը դիմել էին Նախագահին՝ տուն-թանգարանին կից մասնաշենքի կառուցման հարցով: Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն ուսումնասիրել է խնդիրը և տվել առաջարկություն: Հիմնադրամի ծրագրով իրականացվել են կցակառույցի նախագծման և շինարարական աշխատանքները: Շին. աշխատանքները մեկնարկել են 2014թ. դեկտեմբերի 19-ին, ավարտվել՝ 2015թ. մարտին: Մասնաշենքն ունի զանգակատան տեսք, այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը՝ համատեղված ընդունելությունների սրահի հետ:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ժամանակակից արվեստների միության կողմից Սևակի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել Պարույր Սևակի շիրիմին, որից հետո Սևակի առանձատանը հյուրընկալվել է մեծանուն գրողի ժառանգներին:

← Վերադառնալ ցուցակին