Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԸ

13.02.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակելու ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված մեր պետականության առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար և ընդգծել, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ, ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի գործունեությունը: Նրանք քննարկել են նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում տեղի ունենալիք ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին:

← Վերադառնալ ցուցակին