Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10.02.2015
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում և արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: