Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԵՎ ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

05.02.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:

Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը և անօրինական միգրացիայի դեմ պայքարում միասնաբար արդյունավետ միջոցներ գտնելը:

Հյուրերը ներկայացրել են երևանյան նիստի քննարկման արդյունքները, նշելով, որ օրակարգը բավականին հագեցած է եղել և քննարկվող հարցերը ներառել են նաև նոր իրավիճակում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հիշյալ խնդիրների կարգավորման հնարավորությունները:

ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են նաև 2014թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, Կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին