Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
18.11.2014
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում նա կներդնի բոլոր ջանքերը՝ առավել ամրապնդելու և զարգացնելու հայ-չինական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդմանը մեծապես նպաստում են ակտիվ փոխայցելությունները, երկկողմ հանդիպումներն ու քննարկումները:
Դեսպան Թիեն Ըրլոնգը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հաջողությամբ իրականացնելու դեսպանի պատասխանատու առաքելությունը մի երկրում, որն ունի դարավոր պատմություն և մշակույթ, աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդ: Նա ընդգծել է, որ Չինաստանում անկեղծ հարգանք են տածում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ու հայ-չինական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ և հեռանկար են տեսնում: Դեսպան Ըրլոնգի համոզմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսական ոլորտում, այդ թվում՝ Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են բացվում:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ, առևտրատնտեսական, մշակութային, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցության խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման նախագծի մասին և կարևորել այն:
Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Թիեն Ըրլոնգին՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների: