Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ՝ Ի ՊԱՏԻՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐՈԼՈՍ ՊԱՊՈՒԼԻԱՍԻ, ՏՐՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ
30.09.2014
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք:
Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ
Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանը, անշուշտ, նոր բացահայտում չէ պարոն Նախագահի համար: Նա դեռևս 2007 թվականին է այցելել Հայաստան, և այսօրինակ փոխայցերը, մեր խորին համոզմամբ, լավագույն վկայությունն են մեր ժողովուրդների` երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների դարավոր բարեկամության:
Ժողովրդավարություն, արվեստ, գիտություն, փիլիսոփայություն` մարդկային մտքի մեծագույն նվաճումների պատմությունը հաճախ նույնանում է հույն ժողովրդի պատմության հետ: Դարեր առաջ նրա ստեղծած արժեքները մինչև այսօր շարունակում են մնալ ժամանակակից քաղաքակրթության հոգևոր և մշակութային համակարգի հիմքում: Համամարդկային այս արժեքների և գաղափարների կրողն ու կիսողն է նաև հայ ժողովուրդը, որն իր դարավոր պատմության և ստեղծագործ գոյության ընթացքում մշտապես հարստացրել է և իր ուրույն ներդրումն է ունեցել արժեհամակարգային այս շղթայում: Հելլենիզմից մինչև քրիստոնեության ընդունում, Բյուզանդական կայսրությունից մինչև ոչ վաղ անցյալի պատմության ողբերգական էջերը հայ և հույն ժողովուրդները քայլել են կողք կողքի` նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:
Ոմանք ասում են, որ իրական բարեկամները երևում են դժբախտության պահին, իսկ ոմանք էլ իրական բարեկամ են համարում նրան, ով ունակ է անկեղծորեն կիսել դիմացինի ուրախությունն ու հաջողությունները: Թե բարեկամության այս երկու սահմանումից, որին նախապատվություն կտաք, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, ձեր ընտրությունն է: Բայց ես վստահաբար կարող եմ ասել՝ հայ-հունական բարեկամությունն իր իսկությունն ապացուցել է երկու դեպքում էլ:
Հարգարժա՛ն հյուրեր,
Սովորական բառերը թերևս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Սակայն հույն ժողովուրդը գոնե դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը և դաժան էջը: Շնորհակալ ենք հույն ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին` դառնալով դժբախտության մեջ մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այսօր այդ գաղթականների սերունդներն ապրում և ստեղծագործում են նաև Հունաստանում` ամրապնդելով մեր բարեկամությունը:
Հայ-հունական բարեկամությունը նաև ուրախության և հաջողությունների պատմություն է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական հարաբերությունների ուղին եղել է համագործակցության և փոխաջակցության ուղի, ինչն իր արտացոլումն է գտել երկկողմ շփումների բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, ինչպես նաև միջխորհրդարանական և ապակենտրոնացված: Հայ և հույն զինվորականները բարձր փոխըմբռնման մթնոլորտում ծառայել են կողք կողքի հանուն մեր ընդհանուր՝ եվրոպական տարածաշրջանի անվտանգության և ապահովության:
Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, և այս առումով նույնպես Հունաստանը մեզ համար եղել և շարունակում է մնալ շատ կարևոր գործընկեր: Հունաստանն այն երկիրն է, որ կանգնած է եվրոպական ինքնության ձևավորման ակունքներում, որի հիմքում ընկած քրիստոնեությունը Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել որպես պետական կրոն՝ մեկընդմիշտ սահմանելով իր զարգացման հետագա ուղին:
Հարգելի՛ ներկաներ,
Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել. մեզ բախտ է վիճակվել ապրել չափազանց բարդ ժամանակաշրջանում` լի մարտահրավերներով և փորձություններով: Թեև հանգամանքները տարբեր են և մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձևը մեկն է` ապահովել իր բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգությունը և պահպանել ժամանակի փորձությունն անցած հարաբերությունների ողջ շքեղությունը բարեկամների հետ` ջանալով, որ կարճաժամկետ շահերը չանդրադառնան դրանց վրա:
Ինչպես ասել է մեծագույն հույն մտածողներից մեկը՝ Արիստոտելը. «Բարեկամությունը մեկ ոգի է, որ բնակվում է երկու մարմնում»: Ու եթե ժողովուրդների ոգին նրանց դավանած գաղափարներն ու արժեքներն են, վստահաբար կարելի է ասել, որ հայ և հույն ժողովուրդները, բնակվելով տարբեր պետություններում, կիսում են այդ միասնական ոգին:
Ցանկանում եմ բաժակ բարձրացնել` ի պատիվ Հունաստանի Նախագահ պարոն Պապուլիասի, ի բարօրություն Հունաստանի և հույն ժողովրդի և ի փառս հայ-հունական հարատև բարեկամության: Եվ ինչպես հույներն են ասում՝ յասաս (հունարեն կենաց):
***
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ հյուրընկալության համար` Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասն իր բաժակաճառում նշել է, որ մշակութային մերձավորությունը և ամուր պատմական բարեկամական կապերը միավորում են հույներին և հայերին: Դարերի ընթացքում անցնելով փորձությունների միջով՝ այդ կապերը, Հունաստանի Նախագահի խոսքով, ամրապնդվել են, ինչն էլ երկու ժողովուրդների մտերմության հիմքն է դարձել:
Իր խոսքում Նախագահ Պապուլիասն անդրադարձել է Պոնթոսի հույների տառապալից անցյալին, այդ համատեքստում հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: «Մենք հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ ապաստան տվեց ջարդերի զոհ դարձած հայերին, բայց նաև առաջիններից մեկն էր, որ ճանաչեց հայ ժողովրդի ցեղասպանությունը: Վերջերս Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց»,-ընդգծել է Կարոլոս Պապուլիասը:
Նախագահը խոսել է Հունաստանում հայկական համայնքի և Հայաստանում հունական համայնքի մասին, նշելով, որ երկու համայնքներն էլ հանդիսանում են ամուր օղակներ Հունաստանի և Հայաստանի միջև և նպաստում երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
«Այսօրվա մեր բանակցությունները ևս մեկ անգամ վերահաստատում են մեր երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր և արդյունավետ մակարդակը, որոնց բնորոշ է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը:
Պարո՛ն Նախագահ,
Ինչպես ես այսօր հնարավորություն ունեցա Ձեզ տեղեկացնելու, մեր տնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Իմ երկրում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք փաստացի դրական ազդեցություն ունեն գործարար միջավայրի վրա և ի հայտ են բերում համագործակցության լուրջ հնարավորություններ:
Ուզում եմ հավատալ, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացումը դրական հեռանկարներ ունի, ինչի մասին վկայում է Հայաստանից և Հունաստանից գործարարների մասնակցությունը գործարար համաժողովին:
Կրթության ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են արագ, ինչը երևում է մեր երկրների բարձրագույն կրթական հաստատությունների համագործակցությունից, ինչպես նաև հայ ուսանողներին Հունաստանի կրթական հաստատություններում սովորելու համար տրվող կրթաթոշակներից:
Ես շատ ուրախ եմ, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական համալսարանում գործում են հունարեն լեզվի դասավանդման բաժիններ:
Միևնույն ժամանակ, կարևորում ենք, որ Ձեր երկրի զինված ուժերում ծառայում են հունական ռազմական հաստատություններն ավարտած սպաներ:
Պարո՛ն Նախագահ,
Դուք գիտեք, որ հույները և Հունաստանը կապված են Կովկասի հետ դարերից եկող պատմական կապերով: Ամեն կերպ աջակցում ենք տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը՝ հավատալով, որ այն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսական աճին:
Իր արտաքին քաղաքականությունում Հունաստանը միշտ ուղղորդվում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքով՝ միջազգային օրենքի հիման վրա և, անշուշտ, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Համարում ենք, որ խնդիրը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենանպատակահարմարն է: Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք վերջերս տեղի ունեցող զարգացումներին: Ցանկանում ենք, որ հակամարտությունն արագ լուծում ստանա, որը կլինի կենսունակ, իրական և գործնական՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա և կբխի կողմերի իրավական շահերից ու պահանջներից:
Հունաստանը, որպես Եվրոպական միության անդամ, հաստատակամորեն սատարում է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Հայաստանը մի երկիր է, որն ունի մշակութային եվրոպական պատմական արմատներ և ավանդույթներ:
Հունաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել իր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալուն, ինչպես նաև Բալկանյան տարածաշրջանին, որտեղ նա գտնվում է:
Ինչպես ես այսօր նշեցի մեր հանդիպման ժամանակ՝ Արևմտյան Բալկանների անդամակցությունը Եվրոպական միությանը՝ հունական արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակն է: Այդ տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություներ հաստատել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,-ասել է Հունաստանի Նախագահը՝ այդ համատեքստում խոսելով Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունների մասին: Նա անդրադարձել է նաև Կիպրոսի հիմնախնդրին, ներկայացրել իր երկրի դիրքորոշումը:
«Պարո՛ն Նախագահ,
Ես վստահ եմ, որ մեր երկու երկրները օգուտ կքաղեն այսօրվա հանդիպման ջերմ մթնոլորտից՝ ավելի խորացնելով և ամրապնդելով մեր համագործակցությունը:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ բաժակ եմ բարձրացնում՝ մաղթելով Ձեզ և Ձեր մտերիմներին առողջություն, հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ առաջընթաց բոլոր ոլորտներում»,-իր բաժակաճառում ասել է Կարոլոս Պապուլիասը: