Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

21.09.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:


***

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ


Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

23 տարի առաջ՝ այս օրը բոլորս միասին ընտրություն կատարեցինք հօգուտ անկախ հայկական պետականության, հօգուտ քաղաքական ազատությունների և ժողովրդավարության:

Մենք բարձրաձայն հայտարարեցինք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր իսկ կողմից հռչակված արժեքներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Եվ մեր ժողովուրդը ոչ միայն խոսքով կամ քվեաթերթիկով, այլև գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղավ՝ նաև կյանքի գնով ապացուցեց, որ ինքը տերն է իր պատասխանատվության, տերն է իր հռչակած արժեքների և նպատակների:

Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև հայության բոլոր հատվածների համար: Հայաստանի Հանրապետությունը կայացավ որպես պետություն, Արցախի հետ ուս ուսի հակառակորդին պարտադրեց արժանապատիվ զինադադար, բարձրացրեց երկրաշարժից ու պատերազմից խոնարհված իր գյուղերն ու քաղաքները, ոտքի կանգնեց սովի ու խավարի միջից՝ ուղղելով իր մեջքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ մեր տարածաշրջանում չի եղել լարվածություն կամ բարդ քաղաքական իրավիճակ: Մենք ինչ-որ տեղ նույնիսկ ընտելացել ենք նման պայմաններում ապրելուն: Ցավոք, միշտ չէ, որ լարվածության թուլացումը մեզնից է կախված: Բայց մենք անում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը մեղմելու և բնականոն հուն մտցնելու համար:

Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները: Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի և Արցախի, ինչպես նաև համայն հայության միասնական կեցվածքը:

Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների փայլուն ծառայությունը սահմանագծում: Փա՛ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կյանքի գնով: Փա՛ռք մեր հերոսներին:

Ու թող ոչ ոք հույս չդնի մեր միասնականության հնարավոր խարխլման վրա ու մութ անկյունում նենգ դավեր հյուսի: Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը և քաղաքական ազատ մրցակցությունն ու բանավեճը շփոթի միասնականության կորստի հետ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և եթե դժվարանում են հասկանալ թե դա ինչ է, ապա դա ամենևին էլ մեր խնդիրը չէ: Մեր արժեքներն այլ են. ժողովրդավարություն, քաղաքական ազատություններ, խաղաղություն և մարդասիրություն, նաև հարգանք բոլոր ժողովուրդների, այդ թվում և՝ ադրբեջանցի ժողովրդի հանդեպ:

Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման, քաղաքացիական հասարակության ուժեղացման, իշխանության հետևողական բալանսավորման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ: Մենք ձևավորում ենք որակապես նոր հասարակություն: Մենք դա չենք անում, որպեսզի օտարները գան և մեզ բարձր կամ ցածր գնահատական տան: Մենք դա անում ենք, քանզի համոզված ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է: Մեր աշխարհայացքի հիմքում մարդն է, նրա շահերը, իրավունքները և բարեկեցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, և մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջև բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից:

Այս առթիվ ես ուզում եմ նաև պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրև Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որևէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երևույթ է:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, ապա այն սրբազան է ու անքննարկելի: Եվ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ՝ Եվրասիական միության և նրա անդամ պետությունների, Եվրամիության և նրա անդամ պետությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարևան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ մյուս բոլոր երկրների հետ: Հայաստանը կա և այսուհետ ևս լինելու է պետությունների միջազգային ընտանիքի ակտիվ ու պատասխանատու անդամը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար: Մենք իբրև ազգ և պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը՝ ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին: Շարունակում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում: Մեր ընտրությունը աշխարհում հարգում են բոլորը, բացառությամբ մեկ պետության, որը չի հարգում նույնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը: Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, և սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետությունն այն ամուր հիմքն է, որի վրա բարձրանում և մարմին է առնում ողջ հայության դարավոր երազանքը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին