Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
29.08.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2013-2014 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 2014թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու-2014» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության Նախագահի կողմից նվերներ:
2014 թվականի դպրոցականների միջազգային վեց օլիմպիադաների մասնակցության արդյունքում Հայաստանի դպրոցականները, ընդհանուր առմամբ, նվաճել են 19 մեդալ՝ արժանանալով 9 արծաթե և 10 բրոնզե մեդալի:
Արդեն վեցերորդ տարին անընդմեջ ՀՀ ԿԳՆ հովանու ներքո «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով Հայաստանում, իսկ չորրորդ տարին ԼՂՀ ԿԳՆ հովանու ներքո նաև Արցախում կազմակերպված և անցկացված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի մասնակցել են ընդհանուր թվով 43 827 դպրոցականներ՝ Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 1040 դպրոցներից: Պատասխանատուների հավաստմամբ, 2014 թվականին մրցանակակիրների թիվն ավելացել է՝ կազմելով 1469 աշակերտ, որոնցից 617-ը ցուցաբերել են լավագույն արդյունք: Այս տարի «Կենգուրու» մրցույթի հաղթող են ճանաչվել միանգամից 8 աշակերտ` 4-ը Երևանից, 3-ը Լոռու և 1-ը Շիրակի մարզերից:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներից տասնինը, բարձր առաջադիմություն ցուցաբերած այլ աշակերտների հետ միասին, այսօր հյուրընկալվել են Նախագահի նստավայրում:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հանրապետության Նախագահն իր ողջույնի խոսքում ընդգծել է, թե հպարտանում է հանդիպման մասնակից դպրոցականներով ու շրջանավարտներով, հպարտանում է ոչ ավելի քիչ, քան նրանց ծնողներն ու ուսուցիչները և համոզված է, որ նրանք են մեր երկրի ապագան: Սերժ Սարգսյանը կարևորել է, որպեսզի անցած ուսումնական տարում աշակերտների ունեցած ձեռքբերումները, արձանագրած հաջողությունները լինեն շարունակական և նրանք չբավարարվեն տարվա արդյունքներով, չդադարեն ջանքեր գործադրել նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին ու ապագայում էլ աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ այդ գիտելիքներով հասնեն նորանոր հաջողությունների: «Սա ձեր առաջին հաջողությունն է, և բոլորդ պետք է հասկանաք, որ պետք է շատ մեծ ջանքեր գործադրեք: Ժամանակակից աշխարհում չկա մի մասնագիտություն, որ վերապատրաստման և լրացուցիչ գիտելիքների կարիք չունենա: Վերապատրաստվում են բոլորը՝ աշխարհահռչակ բժիշկները, ակադեմիկոսները, բոլոր-բոլորը, որովհետև ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում: Գիտելիքի քանակը շատ մեծ է, և որքան մարդիկ սովորում են, այնքան շատ են հասկանում, թե որքան քիչ բան գիտեն: Սա շատ կարևոր հանգամանք է: Ուզում եմ դիմել դպրոցը գերազանցությամբ ավարտած մեր նախկին աշակերտներին և ասել, որ դուք ձեզ համար բավականաչափ բարձր նշաձող եք սահմանել և այլևս իրավունք չունեք դրանից ցածր արդյունքներ ցուցաբերել: Ուղղակի, իրավունք չունեք: Սա ձեր առաջին լուրջ հաջողությունն է և այս հաջողությունը պետք է շարունակել»:-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Իսկ «Կենգուրու» մրցույթի հաղթողներին Նախագահը մաղթել է, որպեսզի նրանք պատրաստ լինեն մեծ պատասխանատվությամբ և պատվով շարունակելու այն մարաթոնը, որ սկսել և շատ մեծ պատասխանատվությամբ տանում են նրանցից ավագները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հանդիպմանը ներկա փոքրիկներից շատերը տարիներ հետո լինելու են Նախագահի նստավայրի այս դահլիճում՝ արդեն այլ կարգավիճակում:
«Միջազգային առարկայական օլիմպիադաների սիրելի՛ հաղթողներ, դուք հրաշք եք կամ՝ հրաշագործ: Ես ձեզնով հպարտանում եմ և ձեզնով հպարտանում է ողջ ժողովուրդը: Ես այս օրերի ընթացքում առիթ եմ ունեցել բազմաթիվ անգամ իմ հպարտությունը, իմ ուրախությունը հայտնելու՝ ի լուր աշխարհի, հրապարակավ: Գիտեք, երբ երկու տարի առաջ ձեզնից ավագները կարողացան միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել 16 մեդալ, շատերը դա համարում էին պատահականություն, իսկ ոմանք էլ նույնիսկ իրենց թույլ էին տալիս դրա մասին բարձրաձայն արտահայտվելու՝ ուղիղ այնպես, ինչպես մենք առաջին անգամ դարձանք համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող, բոլորն ասում էին՝ դա պատահականություն է: Այնուհետև կյանքը ցույց տվեց, որ ոչ՝ դա պատահականություն չէ: Եվ հիմա էլ, երբ այս տարի նվաճեցիք 19 մեդալ, դուք ուղղակի հերոսություն կատարեցիք, և հպարտությամբ եմ ասում, որ դա շատ-շատ ավելին է, քան մեր անմիջական հարևանների կողմից նվաճած մրցանակները, և գրեթե այնքան, որքան մեզնից 20-30 անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներին: Ինչպե՞ս չհպարտանալ:
Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ երիտասարդներ,
իհարկե, չափազանց ուրախալի է և շատ կարևոր է, որ դուք կարողանում եք ցանկացած խնդրի լուծում գտնել, կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի սեփական, ինքնուրույն մտածողություն: Մեր արվեստագետներից մեկն ասել է՝ որպեսզի ունենաս պետական մտածողություն, ապա առնվազն պետք է ունենաս սեփական մտածողություն: Ես վստահ եմ, որ ձեր սեփական մտածողությունը վերածվելու է պետական և քաղաքացիական մտածողության: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և մեկ անգամ ևս ընդգծում եմ՝ դուք մեր պարծանքն եք, մենք ձեզնով հպարտանում ենք»,-ասել է Սերժ Սարգսյանը: