Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԲԱԶԵ-2014» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
23.08.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեկնարկել է ս.թ. օգոստոսի 18-ին: Այս տարվա հավաքին մասնակցում էին նաև նոր ջոկատներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության, Գևորգյան հոգևոր ճեմարանի, լրագրողների, «Փյունիկ» հաշմանդամների միության, երիտասարդ երկրապահների և այլ հասարակական կազմակերպությունների ջոկատներ: Հանրապետության Նախագահը ծանոթացել է անցած օրերին «Բազե-2014» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, ինչպես նաև՝ հավաքի մասնակիցների կողմից կազմակերպված ռազմականացված ներկայացումն ու պարային ֆլեշմոբը: Սերժ Սարգսյանը ողջունել է հավաքի մասնակիցներին, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ ճամբարում երիտասարդ բազեականները ձեռք են բերել նոր հմտություններ ու գիտելիքներ, նաև՝ լավ ընկերներ ու հավաքի ավարտից հետո ունենալու են բազմաթիվ վառ տպավորություններ: Հանրապետության Նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: «Քսանչորս տարի առաջ այս նույն օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը, և դա շատ կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի համար: Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունն իրեն հարց էր տալիս՝ ի՞նչ է լինելու ապագան, ինչպիսի՞ ընթացք է ունենալու մեր անկախ պետությունը և նոր ի՞նչ բարդություններ ու դժվարություններ է պատրաստել ճակատագիրը հայ ժողովրդի համար: Բոլորի հետ միասին ես էլ էի խորհում ապագայի մասին ու վստահ էի, որ մեզնից ավագ սերունդը, մեր և մեզնից կրտսեր սերունդը կարողանալու են պատվով կատարել իրենց առաքելությունը: Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է ավելի երիտասարդ՝ 90-ականներից հետո ծնված սերունդը, կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը: Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում, իրոք, կատարել մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը: Իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն իրողության վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները և այդ ընթացքում ցուցաբերել քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ: Եթե մեր դպրոցականները համաշխարհային առարկայական օլիմպիադաներում նվաճում են 19 մեդալ, և որպեսզի կարողանաք պատկերացնել, թե դա ինչ է, ասեմ, որ մեր հարևան Վրաստանը նվաճել է ընդամենը 8, Ադրբեջանը՝ 4, իսկ 80 միլիոնանոց Թուրքիան՝ 22 մեդալ: Ինչպե՞ս չհպարտանաս այդպիսի դպրոցականներով, եթե վերջին 4-5 տարիների ընթացքում միջին հաշվով 100 հայ երիտասարդ ամեն տարի ընդունվում է աշխարհի լավագույն 10 բուհեր, ապա ինչպե՞ս վստահ չլինես, որ այդ մարդիկ կարողանալու են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան մենք ենք արել: Եվ եթե մեր տանկային անձնակազմերը, որոնց հետ դուք հանդիպել եք, կարողանում են մրցել աշխարհի խոշորագույն բանակների ներկայացուցիչների հետ ու լինել հաղթողների թվում, ուրեմն ամեն ինչ լավ է ընթանում:
Ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ շնորհավորել և մաղթել հաջողություն»,-«Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը բազեականների ճամբարում այնուհետ դիտել է հավաքի փակման առիթով կազմակերպված գալա համերգը:
Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամներին հետաքրքրող հարցերին: Ճամբարական լրագրողները Հանրապետության Նախագահին հարցեր են ուղղել ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ մեր երկրի պաշտպանության, տնտեսության մարտահրավերների, սոցիալական թեմաների վերաբերյալ: