Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՎԱՅՐ

22.08.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ, ինչպես նաև արդեն երկրորդ տարին «Խաղաղության սուրհանդակներ» նախագծում ընդգրկված՝ Հայաստանի տարբեր մարզերի սոցիալական խնամքի հաստատությունների երեխաներ:

Հանրապետության Նախագահը ողջունել է բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի տարածքում, ծանոթացել պայմաններին և սկաուտների առօրյային:

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը 2011թ. անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված մեկ հեկտար հողատարածքի վրա ստեղծված բանակավայրում նվիրատվության շնորհիվ, ըստ պատասխանատուների, հնարավոր է դարձել այս տարվա բանակումին ավելի մեծ թվով սկաուտների հյուրընկալել: 2014թ. մարտի 29-ից բանակավայրում ՀՀ Նախագահի հովանու ներքո և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսի 29-ին: Նախագահը բացել է բանակավայրի նոր տարածքի գործունեությունն ազդարարող ցուցատախտակը: Կառուցապատված տարածքն այժմ կարող է ընդունել շուրջ 400 մասնակցի:


Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել նաև համահայաստանյան բանակումի փակման արարողությանը:

 

***

Լրացուցիչ տեղեկություններ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» (ՀԱՍԿ) հասարակական կազմակերպության վերաբերյալ

 

1918թ. Պոլսում հիմնադրված Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) Հայաստանում գործել է 1920-1923 թթ.: Կազմակերպությունը Հայրենիքում վերահիմնադրվել է 1989թ. դեկտեմբերի 2-ին և համարվում է նորանկախ Հայաստանի՝ պատանիների և երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից: Հայաստանի ազգային սկաուտական շարժում` ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպությունը հանդիսանում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեության և ավանդույթների կրողը: 1997թ.-ից ՀԱՍԿ-ը հանդիսանում է նաև Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ, իսկ 1998-ից՝ նախկին Խորհրդային Միության անդամ երկրները միավորող «Եվրասիա» սկաուտական տարածաշրջանի հիմնադիր անդամ:

← Վերադառնալ ցուցակին