Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻՆ

23.06.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը և ըստ Նախագահի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջև պատմական ավանդույթներին և, իհարկե, ժամանակի ընթացքում ձևավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի Նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաև Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ: Սերգեյ Լավրովը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում: ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ: ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը: Նախարար Լավրովի հավաստմամբ, հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ և բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:

← Վերադառնալ ցուցակին