Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԵՐՆԵՐ ՖԱՅՄԱՆԻ ՀԵՏ
12.06.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վարչապետ Վերներ Ֆայմանի պաշտոնավարման տարիներին հայ-ավստրիական բազմոլորտ փոխգործակցության շարունակական զարգացման մասին, միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ երկկողմ համագործակցության ներուժը շատ ավելին է: Հանրապետության Նախագահն վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման և փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Վարչապետ Վերներ Ֆայմանը նշել է, որ ցանկությունը փոխադարձ է և ինքն անձամբ հանձնառու կլինի այդ գործին:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի Նախագահի Ավստրիա պետական այցի շրջանակներում կայացած տնտեսական համաժողովը և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Ավստրիայում Սերժ Սարգսյանն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, միաբանության գրադարան և թանգարան: Նախագահն այցելել է նաև Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին: