Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏԻՆ
29.05.2014
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:
Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Պետությունների հարգարժա՛ն ղեկավարներ,
Հարգելի՛ Նուրսուլթան Աբիշևի, շնորհակալ եմ Ձեզ կարևոր պատմական իրադարձությանը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքին մասնակցելու հրավերի համար:
Սրտանց շնորհավորում եմ Մաքսային միության պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարևոր սահմանագծին հասնելու կապակցությամբ, մի միավորում, որը, վստահ եմ, շատ հարցերում կկանխորոշի դրա կազմ մտնող երկրների հետագա զարգացումը:
Անկասկած, դա մեծաքանակ փորձագետների և պաշտոնյաների աշխատանքի արդյունք է, ովքեր հաղթահարելով խոչընդոտներն ու տարաձայնությունները, գտել են փոխզիջումային առաջարկներ, արել են ամեն հնարավորը, որպեսզի համաձայնեցնեն փոխընդունելի փաստաթուղթը: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց պետությունների ղեկավարների քաղաքական կամքի, առանց Եվրասիականության այն տեսլականի, որը դրված է այդ ինտեգրացիոն մոդելի հիմքում:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ ցանկանում եմ նշել հետևյալը՝
Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին, Եվրասիական հանձնաժողովին՝ խրթին հարցերի մասնագիտական մշակման համար, որը թույլ տվեց ամրագրել այսօրվա արդյունքները:
Դա հնարավոր դարձավ նաև Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ:
Առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման Հայաստանի նպատակամղվածությամբ մենք ցուցաբերում ենք առավելագույն ճկունություն և կառուցողականություն:
Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:
Նկատի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին:
Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ նաև դրա միաժամանակյա ընդլայնման համար: Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում:
Շնորհակալություն ուշադրության համար: