Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը
15.05.2014
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել պարոն Նամտվեդտին՝ Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ բարձր առաքելությունը դեսպանն ստանձնում է հաստատուն հանձնառությամբ՝ անելու հնարավորը երկկողմ միջպետական կապերի և փոխգործակցության զարգացման ու ամրապնդման համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու, ինչպես նաև միջխորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ աշխատանքները: ՀՀ Նախագահը և Նորվեգիայի դեսպանը համակարծիք են եղել, որ անհրաժեշտություն կա համալրելու երկկողմ իրավական դաշտը, ինչը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարբեր ոլորտներում ամուր գործընկերություն հաստատելու համար:
Նախագահը բարձր է գնահատել Նորվեգիայի կողմից Հայաստանին աջակցության և զարգացման ծրագրերը, այդ առումով առանձնացնելով հատկապես արդյունավետ փոխգործակցությունը էներգետիկայի և կադաստրի ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար բնագավառում հայ-նորվեգական փոխհարաբերություններին: Հանրապետության Նախագահը և դեսպան Նամտվեդտը այդ համատեքստում մեծագույն հարգանքով են հիշել հայ ժողովրդի նորվեգացի մեծ բարեկամ՝ բևեռախույզ, գիտնական, ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին և միսիոներ Բոդիլ Կատարինա Բյորնին, ովքեր նույնպես նախորդ դարասկզբին հայ ժողովրդին մեծագույն աջակցություն են ցուցաբերել: