Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՆ
28.04.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռևս 2011թ. հուլիսին: Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում:
Հանրապետության Նախագահը, ընկերության ղեկավարության և ՀՀ համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, շրջել է գործարանում և ծանոթացել կատարված ներդրումներին, դրանց շրջանակներում իրականացված աշխատանքներին ու գործարանի արտադրական հզորություններին: Նախագահին ներկայացրել են, որ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկի՝ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման և արդիականացման համար՝ ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար:
Այսօր շահագործման հանձնված «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան, մասնագետների հավաստմամբ, հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի կորզումը սուլֆիդային դժվար կորզելի հանքաքարից, որով հարուստ է Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սոթքի հանքավայրի հանքաքարը: Նշվել է, որ Հայաստանում գործող ոսկու վերամշակման գործարանը կդառնա աշխարհում երկրորդը, որը կկիրառի «Ալբիոն» տեխնոլոգիան:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունում ներկայումս աշխատում է 976 մարդ, որոնցից 626-ը` Սոթքի հանքավայրում, 350-ը` Արարատի ոսկու կորզման գործարանում: Գործարանի արդիականացման արդյունքում բացվել է 130 լրացուցիչ աշխատատեղ: Արտադրական հատվածի միջին աշխատավարձը կազմում է 209 հազար դրամ:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպում է ունեցել համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքները 30.03.2014-01.04.2014թթ. ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են: Նախագահը զրուցել է գյուղացիների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսել նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին և որոշակի հանձնարարականներ տվել պատասխանատուներին: