Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
24.04.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկելը։
Նախագահը ողջունել է պատվիրակությանը մեր երկրում և ընդգծել, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ ունի: Սերժ Սարգսյանի խոսքով, դա առաջին հերթին ակներև վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը միայնակ չէ իր համազգային ողբերգության մեջ, ինչը մեր ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամներին, այդ թվում՝ Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի օրը անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը հայ ժողովրդի կողքին լինելու և 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը և ամրապնդմանը տարիներ շարունակ աջակցելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանմանը նպաստելու, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ակտիվ ներգրավվածության համար: ԱՄՆ կոնգրեսականներին Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու խորացնել և զարգացնել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե պատմության դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է:
ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց ջանքերը ի նպաստ Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: