Նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայաստան-Մաքսային Միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի բացման կապակցությամբ
29.03.2014
Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Սիրով ողջունում եմ «Հայաստան - Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովի բոլոր մասնակիցներին:
Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Հենց այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային Միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ և փոխըմբռնման բարձր մակարդակով:
Այս համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացի կարևոր փուլում: Այսօր առկա է արդեն հստակ ձևավորված աշխատանքային օրակարգ և անդամակցության ճանապարհային քարտեզ, որից բխող քայլերն իրականացման ընթացքում են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս նշանակալի առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին: Այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած մինչանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են: Հաջորդ քայլը միջազգային-իրավական փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անմիջական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:
Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը լավ առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր հնարավորություններն ու մարտահրավերները, ի մի բերելու բոլոր տեսակետներն ու փաստարկները` իրապես նպաստելով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի սահուն իրականացմանը:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք: