Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԽՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

27.03.2014

 Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին և մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Նախագահի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարևոր մասը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաև այլ կարևոր միջոցառումների, ինչպիսին է օրինակ՝ «Ռոզ-Ռոթ» սեմինարների շարքը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ Նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը և Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը և ընդգրկուն օրակարգի մասին, որ ձևավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ և բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:

Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերության զարգացման համատեքստում, Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

 

← Վերադառնալ ցուցակին