Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

24.03.2014

 Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաև պատեհ առիթ է հայ-նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Երկուստեք նշվել է, որ հայ-նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:

Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում:

ՀՀ Նախագահը և Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ Նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Այցի շրջանակներում Նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այսօր երեկոյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի անունից կտրվի ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների:

 

← Վերադառնալ ցուցակին