Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

19.03.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

Պետությունների ղեկավարները նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը:

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

← Վերադառնալ ցուցակին