Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ` Ի ՊԱՏԻՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏՐՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ
27.02.2014
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ տրվել է պաշտոնական ընթրիք:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու բազմում ընդհանրություններով լի պատմական անցյալին, երկու դրացի երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին: Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին երկուստեք ընդգծել են, որ պատմության ընթացքում բոլոր իրադարձությունների ժամանակ հայ և վրաց ժողովուրդները եղել են կողք-կողքի, շատ դեպքերում՝ նաև միասին, իսկ անկախության ձեռքբերումից հետո, Հայաստանը և Վրաստանը զարգացնում են միջպետական հարաբերությունները երկու ժողովուրդների բարեկամության ամուր հիմքի վրա:
Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ջերմ հյուրընկալության և այն բարեկամական մթնոլորտի համար, որ այսօր տիրում է Երևանում: Վրաստանի Նախագահը վստահեցրել է, որ այդպիսի մթնոլորտ կլինի նաև Թբիլիսիում, երբ Հայաստանի Նախագահը, ընդունելով իր հրավերը, այցելի Վրաստան:
Հայաստանի և Վրաստանի նախագահները բաժակ են բարձրացրել հանուն Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա ամրապնդման, հանուն երկու պետությունների խաղաղության և եղբայրական ժողովուրդների բարեկեցության: