Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՆԳԵԼԻՍ ՄԵՅՄԱՐԱԿԻՍԻՆ

26.02.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամության ու պատմական առնչությունների վրա հիմնված հայ-հունական բազմաբնույթ հարաբերությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, բավականաչափ ներուժ ունեն և այն երկկողմ ջանքերով անհրաժեշտ է իրացնել:

Հունաստանի խորհրդարանի նախագահը ևս համոզվածությամբ ընդգծել է, որ դարերի խորքից եկող հայ և հույն ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամությունը մեծ ապագա ունի:

Զրուցակիցները երկուստեք չափազանց կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում՝ դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գործունեությունը: Կողմերի համոզմամբ, օրենսդիր մարմինների միջև սերտ փոխգործակցությունը կարող է մեծապես օգտակար լինել երկու երկրների կառավարությունների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Խոսելով դրանց հեռանկարի մասին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ հարաբերություններում ոչինչ չի փոխվել. անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը հաստատել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, երեկ կայացած ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը, և հետագա փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակվում են:

ԵՄ-ում ներկայումս նախագահող երկրի՝ Հունաստանի խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կանի ամեն հնարավորը՝ երկկողմ կապերի ամրապնդումից բացի, նպաստելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին