Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆԱԾ «ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

21.02.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս մրցանակաբաշխությունը, կազմակերպիչների հավաստմամբ, նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ Մրցանակաբաշխության կազմակերպիչների տվյալներով, տարբեր անվանակարգերում հայտ ներկայացնող կազմակերպությունների թիվն աստիճանաբար ավելանում է։

Այսօր տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակների են արժանացել 2013թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը: Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են սահմանվել Կոմիտասյան համերգաշարի համար, որին արժանացել է Արփինե Կալինինան, Առաջնորդության զարգացման միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար՝ «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների ասոցիացիա AIESEC- Հայաստանը, «Երիտասարդության հետ լավագույնս համագործակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը (Netherlands Institute for Multiparty Democracy), սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար՝ Կոթի գյուղի դպրոցի «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ Գևորգ Գրիգորյանը, Երիտասարդների և պատանիների շրջանում իրականացվող լայնածավալ աշխատանքի համար՝ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեմ ուղղված «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագրի համար՝ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն:

Այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, արժանացել են նան «ԱրմԹաբ» հայկական պլանշետի։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարևորել և ողջունել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունը, որովհետև այն, ըստ Նախագահի, ուղղում է երիտասարդների էներգիան, նրանց հոգում եղած հուրը դեպի դրականը և մասնակից դարձնում մեր երկրի բարեփոխումներին: Նշելով, որ ցանկացած մրցանակաբաշխություն, մրցույթ, ընտրություն երիտասարդների համար լավ հնարավորություն է դրսևորելու իրենց առավելությունները հասակակիցների նկատմամբ՝ լինել առաջինը, լավագույնն այս կամ այն ոլորտում, Հանրապետության Նախագահը հետագա նորանոր հաջողություններ և մրցանակներ է մաղթել երիտասարդներին:

← Վերադառնալ ցուցակին