Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

15.02.2014

 Մինչ հարցուպատասխանը, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵԿՄ նորընտիր վարչության բոլոր անդամներին, այդ թվում՝ միության նախագահին և փոխնախագահներին՝ դարձյալ պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ նրանց համար դա, իրոք, մեծ պատասխանատվություն է: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ԵԿՄ վարչությանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել համագումարի մասնակիցների բոլոր հարցերին:

Հարց – Սոնա Ռեչելյան - ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի, «Երիտասարդ երկրապահ» կառույցի անդամ

– Պարո՛ն Նախագահ, ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի տնտեսությունը:

Սերժ Սարգսյան - Արդեն տևական ժամանակ է, որ կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում 2013 թվականի արդյունքները, և մենք բոլորս հնարավորություն կունենանք այդ արդյունքները քննարկելու, բայց միանգամից պետք է ասեմ, որ 2013 թվականին տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջելու է 2012 թվականի տնտեսական աճին: Եթե հիշում եք, 2012 թվականին մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3,5 տոկոս: Այս միտումը ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ 2013 թվականի առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցներն ու փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ ու կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության և տարբեր երկրների տնտեսությունների աճի վերաբերյալ: Եթե ծանոթ եք, պիտի հիշեք, եթե ոչ՝ իմացեք, որ ԱՊՀ-ի համար Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3,8 տոկոս տնտեսական աճ, այսօր իրականը գնահատվում է 2,1 տոկոս: Ռուսաստանի Դաշնության համար կանխատեսումը 3,7 տոկոս էր, իրականը և նախնականը՝ 1,5 տոկոս: Եվրագոտու համար կանխատեսումը -0,2 տոկոս էր, նախնականը՝ -0,4 տոկոս: Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում, կախված և՛ համաշխարհային պրոցեսներից, և՛ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ է: Այնպես որ, մենք, իհարկե, պետք է այս տարի շատ ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք լավ արդյունքներ: Իհարկե անհանգստացնող միտումներ կա՛ն մեր տնտեսությունում: Օրինակ՝ ինձ անհանգստացնում է ներդրումների կրճատումը: Իհարկե, կան մասնագետներ, ովքեր սա բացատրում են և համաշխարհային միտումներով, երբ որ ներդրումները զարգացող երկրներից տեղափոխվում են դեպի զարգացած երկրներ, և երկրորդ, 2013 թվականը համարում են մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություններ՝ այնտեղ քիչ ներդրումներ: Բայց բոլոր դեպքերում, անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են, և այս առումով, իհարկե, ես ակնկալում եմ 2014 թվականի համար ավելի մեծ տնտեսական աճ: Գիտեք, շատերը՝ նույնիսկ այստեղ նստած մեր զինակիցները, կարող են մտածել, որ եթե արդեն քանի տարի է՝ տնտեսական աճ է ապահովվում, ապա ինչու է հասարակությունում այնպիսի տրամադրություն տիրում, որ վիճակը գնալով վատանում է: Գիտեք, շատ պարագաներում ընկալումների հարց է: Իրոք, վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: Միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է առաջանցիկ տեմպերով՝ գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով: Երբ ես ձեզ առաջարկում էի հարցեր տալ, ինձ մոտ, բնական է, կան նյութեր, ինձ մոտ կան տարիների բոլոր վերլուծությունները, և միանգամից կարող եմ ասել՝ եթե վեց տարվա կտրվածքով նայենք, մենք ունեցել ենք միջին տարեկան գնաճ: Դու տնտեսագետ ես, պիտի հասկանաս՝ ի՞նչ է նշանակում միջին տարեկան գնաճ և ոչ թե՝ տասներկուամսյա: Կարող եմ տասներկուամսյան էլ ասել: Վեց տարվա ընթացքում գնաճը մեր հանրապետությունում կազմել է 140 տոկոս: Այսինքն, այս վեց տարիների ընթացքում գնաճը կազմել է 40 տոկոս: Միջին աշխատավարձը կազմել է 160 տոկոս, այսինքն՝ միջին աշխատավարձն առաջանցիկ տեմպերով է գնում և, իհարկե, շատ դեպքերում ընկալումների խնդիր է: Մեզ քննադատողներն իրենց կարծիքով ունեն մի, այսպես, անխոցելի փաստարկ և միշտ այդ փաստարկը բերում են. երբ խոսում ենք բարենպաստ թվերի մասին, լավ թվերի մասին, նրանք ասում են, որ այդ թվերը նկարված են, որ այդ թվերը հնարված են: Բայց շատ զարմանալի է, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խոսում է վատ ցուցանիշների մասին, նրանք ասում են՝ ճիշտ է: Այսինքն՝ վատի դեպքում, բացասականի դեպքում ճիշտ է, լավի դեպքում՝ նկարված: Բայդ սրա համար չեմ ասում, ես դա ասում եմ մեկ այլ բանի համար. ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ, որ ցանկացած տնտեսագետի համար ունենա լուրջ նշանակություն: Ինչպես գիտեք, մենք անցյալ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին թողարկեցինք արտարժութային արժեթղթեր, այսինքն՝ արժեթղթեր ոչ հայկական դրամով: Իհարկե, թողարկեցինք ոչ միայն այդ, թողարկեցինք երեք աշխարհահռչակ ընկերությունների հետ միասին, և այդ ընթացքում այդ չարակամները, մեզ քննադատողները ասում էին, որ Հայաստանին պարտք չեն տա: Գիտեք, արժեթուղթ թողարկել՝ նշանակում է պարտք վերցնել: Ասում էին, որ Հայաստանի պարտքը այնքան մեծ է, որ ոչ մեկը պարտք չի տա, իսկ եթե նույնիսկ տան, շատ մեծ տոկոսներով կլինի: Իսկ սեպտեմբերի 3-ին, երբ մենք կայացրինք որոշում՝ Մաքսային միությանը միանալու, բոլորը սկսեցին ասել՝ այս պարագայում Հայաստանին ընդհանրապես պարտք չեն տա: Արդյունքում՝ մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ ԱՄՆ դոլար պարտք: Մենք վերցրեցինք ընդամենը 700 մլն, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը, մեր ցուցանիշները: Ավելին ասեմ, այս ընթացքում՝ սեպտեմբերից մինչև փետրվար, այդ արժեթղթերը, որ 6 տոկոսանոց էին, այս ընթացքում դարձել են 5,8 տոկոս: Այսինքն՝ ավելի են թանկացել: Գիտեք, ինչքան տոկոսը ցածրանում է, այնքան արժեթուղթն ավելի մեծ արժեք է ձեռք բերում: Եթե մեր վիճակը վատ է, եթե մեր պարտքերը շատ են, եթե մենք գահավիժում ենք որպես տնտեսություն, այդ ինչպե՞ս է, որ աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում են ահռելի մի թիվ՝ 3 միլիարդ ԱՄՆ դոլար: Կա՞ դահլիճում մեկը, որ կարող է ասել՝ ինքը պատրաստ է պարտք տալ որևէ մեկին, իմանալով, որ չի վերադարձնելու: Անհնա՛ր է: Ու՞մ ես պարտք տալիս. պարտք ես տալիս նրան, ով, գիտես, քեզ վերադարձնելու է կամ էլ նրան, ում ուղղակի ուզում ես օգնել, և եթե ետ չվերադարձնի՝ որևէ ափսոսանք չես ունենալու: Մի՞ թե որևէ մեկին թվում է, թե աշխարհի 60 ներդրողները մեզ խղճում են և հենց այնպես փող են տալիս, որ ծախսենք: Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու:

Հարց – Կարեն Գրիգորյան – ԵԿՄ վարչության անդամ, Էջմիածնի քաղաքապետ

– Բարև Ձեզ, պարոն Նախագահ, հարցս հետևյալն է՝ վերջերս շատ է արծարծվում թոշակի և 5 տոկոսի հետ կապված հարցը: Ինչո՞ւմն է խնդիրը:

Սերժ Սարգսյան – Իհա՛րկե, շատ է խոսվում կենսաթոշակային բարեփոխումների մասին և ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ: Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումներն անցնեին հանդարտ, առանց դժգոհության՝ պարզ, շատ պարզ պատճառներով: Որովհետև այդ բարեփոխումների արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որպեսզի իրենց վիճակը բարելավվի և երկրորդ՝ դարձյալ ակնհայտ է, մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս և ասում ենք, որ՝ այո, 5 տոկոս պետք է խնայեք՝ ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ հետ ստանալու համար: Ակնհայտ է, որ մենք երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, այդ քայլն արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար: Որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ մեր ամենախիստ քննադատներն ասում են չէ՞, որ բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այն մի թեզը ճիշտ չէ կամ ժամանակն եք սխալ ընտրել՝ վեց ամիս հետո անեիք, մի տարի հետո անեիք, հինգ տարի հետո անեիք…

Գիտեք, որ ես տևական ժամանակ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ 1993թ. սկսած, և Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգել է: Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որոովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է: Ես չեմ բացառում, միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Չեմ բացառում: Բայց եթե որևէ մեկը կասի՝ ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ գրելու և միանգամից տանելու ու դնելու հանրային քննարկման, և հետո այնտեղ որևէ մեկը խրթինություն չի հայտնաբերի, կասեմ, որ դրան չեմ հավատում: Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող են լինել անհաջող ձևակերպումներ. մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել: Իմաստը, վստահ եմ, որ չի փոխվելու, և այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է:

Մեկ անգամ ևս կրկնում եմ, այո, մենք այսօր մարդկանց աշխատավարձի 5 տոկոսի չափով նեղություն ենք տալիս: Բայց եկեք մի հատ նայենք՝ այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձեր բարձրացել են՝ ուժային կառույցներում 10 տոկոս, որոշակի ընկերություններում 10 տոկոս, 15 տոկոս, իսկ կան ընկերություններ՝ 25 տոկոս: Գիտեք, որ հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխավարձները բարձրանալու են 40-80 տոկոսով: Իսկ ի՞նչ է եղել: Հաշվե՛ք, թե բարձրացել է 35 տոկոսով կամ 75 տոկոսով: Մի ակնկալեք այն 5 տոկոսը: Այն 5 տոկոսը պետք է գալու բոլորիս: Բոլորի՛ս:

Կա խնդրի երկրորդ կողմը: Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը: Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են: Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը: Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, Կարե՛ն ջան, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար:

Հարց – Անան Ոսկանյան - ԵԿՄ վարչության անդամ, Արթիկի տարածքային բաժանմունքի ԵԿՄ նախագահ, Պեմզաշեն համայնքի ղեկավար

- Պարո՛ն Նախագահ, մեզ բոլորիս, երևի, շատ է հուզում Ռուսաստանի հետ կապված գազի պայմանագրի ճակատագիրը: Եթե կարելի է, մի քանի բառով կներկայացնե՞ք:

Սերժ Սարգսյան – Շատ լավ: Նախ, Անան ջան, կարծում եմ, որ վաղուց արդեն այդ հուզմունքը պետք է անցներ, որովհետև մենք անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին ստորագրեցինք այդ պայմանագիրը, իսկ Ազգային ժողովը հաստատեց այն, և այդ պայմանագիրը մտել է ուժի մեջ: Բայց ամբողջովին կիսում եմ քո կարծիքը, որ հանրության մեջ տարատեսակ խոսակցություններ կան, որովհետև շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը սևացնել: Ոմանք կատաղությունից՝ որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել սա՝ որպես վատ: Որպեսզի ես կարողանամ ապացուցել իմ ասածները, եկեք հերթով գնանք, անդրադառնանք այն հարցերին, որոնք, ըստ իրենց, շատ տրամաբանական են: Բայց մինչև հերթականությամբ հարցերին անդրադառնալը, ուզում եմ բոլորս միասին տեսնենք՝ այս գազի պայմանագրի էությունը ո՞րն է: Իմ կարծիքով, գազի պայմանագրի էությունն առաջին հերթին գազի գինն է: Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին: Առաջին հերթին, թող խոսեն գնի մասին և ասեն, եթե թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, վատ գին են մեզ տվել, ուրեմն մեզ այստեղ քննադատեն, ասեն սրան գումարած այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ: Եթե լավ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն՝ այո, գինը լավ է, բայց այստեղ, այստեղ, այստեղ սխալվել են: Ոչ մեկը չի խոսում այդ գնի մասին: Որովհետև այդ գինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության: Այսինքն՝ մենք ունենք ամենացածր գնով գազ Հայաստանի Հանրապետության սահմաններում: Հիմա երկրորդ՝ այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար՝ վատ: Հաջորդը՝ խոսվում է պարտքերի մասին: Եվ տարբեր որակումներ են տալիս: Կան մարդիկ, որ հիշողությունն իրենց մի քիչ արդեն դավաճանում է: Կան մարդիկ, որ լավ չեն կարողանում ընթերցել և փոձում են ասել, որ ի խախտումն մեր օրենքների՝ ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին և այլն, և այլն, թե, իբր, մենք թաքուն բանակցություններ ենք վարել: Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես առնվազն մեկ տասնյակի մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով 2011 թվականից սկսած և մշտապես ասել եմ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազի գինը չի թանկանա: Դա ի՞նչ է նշանակում: Պարզ է, եթե այդպիսի բան ես ասում, հայը պետք է հասկանա, որ հնարավոր է պետության համար, հիմնարկի համար ներկրվող գազը թանկանա, բայց Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազը չի թանկանալու, և այդպես էլ եղավ երկու տարի: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ բոլորին հայտնի է, որ մենք սկսած 2011 թվականից բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ և եկել էինք այն եզրակացության, որ գազի վճարային գինը չի փոխվում, փոխվում է հաշվարկային գինը: Բայց երբ ավարտվեն բանակցությունները, մենք վերջնական եզրակացության կգանք գնի մասով: Բանակցությունները տևեցին 3 տարի: Բոլոր կողմերը հաշվի առնելով՝ ռուսական կողմը մեզ առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի 50 տոկոսը: Վա՞տ է արել: Այսինքն՝ այդ մոտավորապես 300 մլն ԱՄՆ դոլարը որտեղի՞ց է գոյացել: Եթե մենք այդպիսի երկարատև, ծանր բանակցություններ չվարեինք, ուրեմն՝ մենք պետք է 2011 թվականից սկսած թանկացնեինք գազի գինը, և այդ 300 մլն դոլարը պետք է դուրս գար մեր ժողովրդի գրպանից, մասնավորի գրպանից, տնտեսության գրպանից և այլն: Մեզ զիջել են այդ գոյացածի 50 տոկոսը: Երրորդ՝ ինչ վերաբերում է 20 տոկոսին: Ինչո՞ւ են վաճառել, էժան են վաճառել և այլն: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ 20 տոկոսը: Եթե մենք՝ որպես պետություն, տարիների ընթացքում վաճառել ենք 80 տոկոսը, այսինքն՝ 80 տոկոսը կարելի էր վաճառե՞լ, 20-ը չէ՞ր կարելի վաճառել: Տարօրինակ չի՞: Թող որևէ մեկն ինձ ասի՝ այդ 20 տոկսն ի՞նչ էր մեզ տալիս: Քանի՞ լումա մեզ դիվիդենտ է բերել: Կամ այդ 20 տոկոսն ի՞նչ է՝ մեզ հնարավորություն էր տալիս այնտեղ տնօրեն նշանակելո՞ւ կամ ի՞նչ անելու՝ որոշումների վրա ազդելո՞ւ: Պետք էլ չի, որ մենք կարողանանք որոշումների վրա ազդել, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, և այն բավարար է, որպեսզի այդ ընկերությունը լինի ռուսական, ամերիկյան, ինդոնեզական, թե ինչ՝ գործի մեր օրենքների շրջանակներում և ի շահ մեզ: Իսկ ինչ վերաբերում է 20 տոկոսի գնին, ապա ես հիմա կարող եմ հայտարարել՝ եթե մեկը գտնվի, որ այդ 20 տոկոսի համար տա 100 մլն ԱՄՆ դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել և այդ 100 միլիոնով տալ այն մարդուն, ով կուզեր այդ 20 տոկոսը: Ասում են՝ ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել, ինչո՞ւ ուրիշներին չեք հարցրել: Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ պետք է ասեմ՝ բա որ մրցույթ անցկացնեինք, այդ 20 տոկոսն արժենար 30 մլն, մենք ո՞նց էինք «սաղացնելու» 150 միլիոնով այդ 20 տոկոսը: Հետո դրա համար ո՞վ էր պատասխան տալու: Ակնհայտ չի՞, որ 20 տոկոսը, որ տարիների ընթացքում մի լումա դիվիդենտ չի բերել, չի կարող այդքան արժենալ: Որևէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ և ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն: Բայց կա՞ այդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Խոսելը հեշտ է, այնքա˜ն հեշտ է: Հիշո՞ւմ եք պատերազմի տարիներին ինչքան խոսողներ կային: Ինչքան հեքիաթներ էին պատմում, ինչքան առասպելներ էին պատմում, բայց հենց պետք էր գնալ կոնկրետ գյուղ գրավել՝ մեկի գլուխն էր ցավում, մեկի հորեղբոր տղայի քառասունքն էր, մյուսի մեքենայի ակն էր ծակվում: Խոսելն այնքա˜ն հեշտ է:
Է՞լ ինչ խնդիր կար այդտեղ. ինչո՞ւ եք 30 տարով կնքել: Այնքան է չարությունն այդ մարդկանց կուրացրել, որ նրանք չեն հասկանում՝ ի՞նչ են ասում: Փոխանակ մեզ քննադատելու, թե ինչո՞ւ 30 տարով եք կնքել, այլ ոչ թե 60, մեզ ասում են՝ ինչո՞ւ եք այդքան երկար ժամկետով կնքել: Ցանկացած տնտեսագետի համար պարզ է չէ՞, որ ներդրումների ետբերումն ավելի երկար ժամանակահատվածում շատ ավելի մեղմ է ազդում տնտեսության վրա: 30 տարով ենք կնքել, որպեսզի ռուսներն իրենց ներդրումները 30 տարվա ընթացքում հանեն: 5 տարով կնքեինք՝ 5 տարվա ընթացքում պետք է հանեին: Ո՞րն է մեզ համար ավելի լավ:

Հարց - Էդիկ Մինասյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
- Պարո՛ն Նախագահ, արտագաղթի մասին եմ ուզում հարցնել՝ ո՞րն է լուծումը:

Սերժ Սարգսյան - Իրոք, արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, և թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից է: Բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով: Բոլորիս համար էլ պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի, և այն զարգացման տարբեր միտումներ է դրսևորում տարբեր ժամանակահատվածներում: Եթե 1992 թվականին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ, ապա այդ պրոցեսը դանդաղել է: 2001 թվականին, ենթադրենք, 60 հազար մարդ է լքել, բայց, փառք Աստծո, հետագա տարիներին այս պրոցեսը դանդաղել է և ոչ միայն դանդաղել է, այլ վերածվել է ներգաղթի: 2013 թվականի տվյալներով, ուղևորափոխադրումը՝ համեմատած 2012 թվականի հետ, կրճատվել է, բացասական տարբերությունը գրեթե 25 տոկոս, և այդ բացասական տարբերությունը կազմում է 31 հազար մարդ: Իհարկե, 31 հազարն էլ ճիշտ արտագաղթողների թիվը չէ, կարող է 5-ով, 10-ով, 15-ով տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է, և այդ թիվն էլ, իհարկե, մեծ թիվ է, մեծ է, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն ենք մեր երկրում ապրող: Եթե մենք լինեինք գոնե 10 միլիոն, 12, 15 միլիոն, դա որևէ մտահոգության առարկա լինել չէր կարող: Մյուս կողմից՝ 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել ու այնուհանդերձ գալ ներգաղթին: Մենք անպայման դրան հասնելու ենք: Բայց, նորից եմ ասում, առավել ևս այս լսարանի համար պետք է հասկանալի լինի, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին: Մյուս կողմից, երբեք պրոբլեմը չի լուծվում, պիտի կրկնեմ՝ լացուկոծով, պրոբլեմը չի լուծվում շահարկումով, պրոբլեմը լուծվում է աշխատանքով: Մենք բոլորս միասին պետք է աշխատենք: Բոլորս միասին: Դարձյալ ուզում եմ այն ժամանակների օրինակը բերել, երբ մենք կամ այստեղ նստածներից յուրաքանչյուրը կորցնում էր մեկ գյուղ՝ ծնկները չէր ծեծում, ուրիշներին չէր մեղադրում, չէր շահարկում, այլ մտածում էր, թե ո՞նց անի, որ մի քանի օր հետո այս գյուղն էլ վերցնի, կողքինն էլ: Այս էր չէ՞ բոլորիս մտածածը: 1992 թվականին ինչքա՞ն էինք նահանջում: Ի՞նչն է փոխվել: Ոչ մի բան չի փոխվել. Ո՛չ կատարողներն են փոխվել, ո՛չ իրադրությունն է փոխվել: Կտեսնեք, որ գալու ենք դրական բալանսի:

Հարց - Մեսրոպ Մանուկյան - ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս

- Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարցերի պատասխաններից մեկի ժամանակ Դուք խոսեցիք մեր տնտեսության ներկա իրավիճակի մասին: Իմ հարցը հետևյալն է՝ ի՞նչ կկանխատեսեք, ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության զարգացումը հաջորդ տարիներին: Շնորհակալություն:

Սերժ Սարգսյան - Կարծում եմ՝ լավ կլինի, Մեսրոպ ջան, իրոք, լավ է լինելու: Ինչո՞ւ, որովհետև, կարծում եմ, մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ: Ինչքան էլ մենք ասենք, որ Մաքսային միությանն անդամակցությունն անցել է հարթ, առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ, հասարակության մեջ և ներդրողների համար անորոշություն կար, թե ի՞նչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի՞ է բերելու և այլն: Մենք արդեն ունենք որոշակիություն, ունենք կոնկրետ ծրագրեր, և այս որոշակիությունը, կոնկրետ ծրագրերը մեզ հուշում են, որ կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ: Եթե 2013 թվականին մենք մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ֆոնին ունեցել ենք արտահանման աճ՝ 7,2 տոկոս, ապա Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետև այդ 7,2 տոկոսի մի առյուծի բաժինն ընկնում է հենց Մաքսային միության երկրներին, Ռուսաստանի Դաշնությանը: Կոնկրետ, օրինակ, 2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն մենք արտահանումն ավելացրել ենք 20 տոկոսով, և այդ հնարավորությունը հիմա դարձել է անսպառ՝ ահռելի շուկա: 3 միլիոնանոց ժողովրդի համար, մեր տնտեսության համար բացվել է գրեթե 200-միլիոնանոց շուկա՝ գրեթե նույն հնարավորություններով: Մենք անպայման օգտվելու ենք դրանից: Բացի այդ, այս ժամանակահատվածի համար մենք ունենք ծրագրեր տեխնոլոգիաների բնագավառում, որ ավանդաբար Հայաստանում ամեն տարի աճում է 15-20 տոկոս: 2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր՝ մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում դրա ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում: Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան՝ մեծ պղնձաձուլարան, ինչն իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով: Եթե չունենանք՝ չենք կարող անել: Այսինքն՝ լեռնաարդյունահանման ոլորտում մենք ունենալու ենք զգալի աճ: Մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում: Գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում՝ հին «Նաիրիտի» գործարկում: Սա ևս շատ մեծ հնարավորություն է ընձեռնելու մեզ: Հաջորդը՝ 2014 թվականին արդեն առարկայական է դառնալու 2013 թվականից սկսած մեծ ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է 2019 թվականին ունենալ 50 հազար տոննա ձկան արտադրություն և վերամշակում: Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է ու նաև մեծ քանակով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում: Մենք ունենք լուրջ ծրագրեր ջերմոցաշինության զարգացման գործում: Մենք որոշակի հաջողություններ ունեցանք 2013 թվականին. հենց նաև դրա շնորհիվ աճեց արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: 2014 թվականին այստեղ բավականաչափ ավելացում ենք ունենալու: Մենք ունենք ծրագրեր թեթև արդյունաբերության ոլորտում: Մեր տնտեսական աճի մեջ թեթև արդյունաբերության աճը բավականաչափ տեղ ունի և այսպես շարունակ շատ երկար կարող եմ թվարկել: Ես տեսնում եմ 2014թ. և ապագա տարիներին տնտեսական լավ հաջողություններ:

Հարց – Պարգև Մանուկյան - Վարդենիկի թիվ 2 դպրոցի թոշակառու տնօրեն, Վարդենիկի «Գայլավազ» ջոկատի հիմնադիր ղեկավար

– Պարո՛ն Նախագահ, այժմ դպրոցներում գնում է վարչատնտեսական աշխատողների մասսայական կրճատում՝ պատճառաբանելով աշակերտների թվի նվազումը, բայց վերջին տարիներին աշակերտների թիվը 25-ից դարձրին մինչև 35, դրույքաժամը 18-ից 22: Եվ պատճառաբանում են, թե նվազում է: Եթե այդ աշխատողները՝ անընտանիք կանայք, որոնք չունեն ամուսին, աշխատում են դպրոցում հավաքարար, եթե դպրոցում չլինեն հավաքարար, տնտեսվար, էլեկտրիկ և կազմակերպիչ, ինչպիսի՞ն կլինի դպրոցի ճակատագիրը: Խնդրում եմ պատասխանեք:

Սերժ Սարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում, որ մեր դպրոցներում չպետք է լինեն հավաքարարներ, տնտեսվարներ կամ էլեկտրամոնտյորներ, ինչպես Դուք եք ասում: Այդպիսի բան լինել չի կարող: Ինչպես հայտնի է, մենք դպրոցական ֆինանսավորման մեջ անպայման ներառնում ենք դա և այո, ինչ արած, ճիշտն այդպես է՝ աշակերտների թվաքանակով է ֆինանսավորվում: Եվ պետք է ասեմ, որ բոլորս պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ երբ ժամանակը գալիս է՝ մենք պետք է գնանք վաստակաշատ հանգստի: Եթե թոշակառու ենք՝ ուրեմն, պետք է գնանք մեր թոռներին պահենք, թոշակ ստանանք, որպեսզի մեզ փոխարինեն երիտասարդները, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմնան: Սա՛ է իրականությունը, և այդ իրականությանը մենք պետք է սթափ հայացքով նայենք: Մենք չենք կարող ասել՝ գիտեք, այս տիկինը, որ շատ լավ ուսոցչուհի է, մեծ ընտանիք ունի՝ իրեն պահենք: Բայց իրեն պահում ենք, ուրիշներին ենք վնաս տալիս: Վերջին տասը տարիների ընթացքում մենք կտրուկ բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձերը, բայց որ ուսուցչին հարցնում ես, ասում է՝ էական փոփոխություն չկա աշխատավարձում: Ինչո՞ւ չկա. որովհետև փոխարենը մի ուսուցիչ աշխատի, աշխատում է երկուսը, երեքը: Ինչի՞ համար: Ես դա ճիշտ չեմ համարում: Աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի, վարձատրվի այնքան, որքան պետությունն է նախատեսել և որքան անհրաժեշտ է, որպեսզի ինքն իր տարրական կարիքները կարողանա հոգալ: Մենք նոր բարեփոխումներ ենք նախատեսում նաև այս ոլորտում: Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձացնելու ենք: Կտրուկ: Նրանք երեք, չորս անգամ ավելի են ստանալու, քան հանրապետության միջին աշխատավարձն է: Իսկ այսօր, գիտեք, որ մեր միջին աշխատավարձը 158 հազար դրամ է: Կրկնում եմ՝ լավագույն ուսուցիչները երեք, չորս անգամ բարձր են ստանալու, բայց նրանք պետք է լինեն լավագույնն իրենց ոլորտում: Այնպես որ, եթե կոնկրետ պարագայում, իրոք, Ձեր դպրոցում կրճատվել է հավաքարարի հաստիք, էլեկտրիկի հաստիք, կարծում եմ, պարոն Արմեն Աշոտյանը, հենց երկուշաբթի օրն ինձ տեղյակ կպահի, թե ի՞նչ պատճառով:

← Վերադառնալ ցուցակին